Հասարակական

Մեզ համար առաջնային է մեր զինվորներին միայն բարձրորակը մատուցելը. Դավիթ Երեմյան

9 րոպեի ընթերցում

Մեզ համար առաջնային է մեր զինվորներին միայն բարձրորակը մատուցելը. Դավիթ Երեմյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարարության ԶՈՒ զորամասերում և դիրքերում զինծառայողների սննդի մատակարարման նոր ծրագրի շրջանակում օգոստոսի 30-ին տեղի ունեցավ Արցախի զորամասերից մեկի նորակառույց ճաշարանի բացումը, որին ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը: Սա ծրագրում ներառված առաջին ճաշարաններից է, որը հիմնովին կառուցվել և ամբողջությամբ վերազինվել է, իսկ սննդի մատակարարումն առաջին օրվանից իրականացրել և շարունակում է սպասարկել ռեստորանային ոլորտի առաջատարներից «Երեմյան Փրոջեքթս»-ը:

ՀՀ պաշտպանության նախարարության ԶՈՒ զորամասերում և դիրքերում զինծառայողների սննդի մատակարարման ծրագրի մանրամասների մասին «Արմենպրես»-ը զրուցելէ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ:

-Պարոն Երեմյան, արդեն 1 տարի է, ինչ «Երեմյան Փրոջեքթս»-ը ներգրավված է «Սնունդ բանակին» ծրագրում: Ամփոփելով տարին՝ խոսենք, թե ի՞նչ էարվել այս ընթացքում,և ինչով էր ծրագիրն առանձնահատուկ Ձեր ընկերության համար:

-Այսօր մեզ համար շատ կարևոր և խորհրդանշական օր է։ «Սնունդ բանակին» ծրագրում ներգրավվելուց ուղիղ մեկ տարի անց, մենք նոր կառուցված ճաշարանի բացման արարողությանն ենք մասնակցում հենց այն նույն զորամասում, որտեղից և մեկնարկել էինք այս ծրագիրը։ Մեկ տարի առաջ այստեղից ենք սկսել․ մենք հինը նորոգեցինք ու գործարկեցինք։ Բայց այս ընթացքում պետությունը հիմքից կառուցում էր միանգամայն նոր ճաշարան, որը մեզ այսօր թույլ կտա ավելի արդյունավետ կազմակերպել մեր զինվորներին սնունդ մատակարարելու գործընթացը տեխնիկապես հագեցած, կահավորված և հարմարավետ նոր ճաշարանում:

Ծրագրի մեկնարկից մինչև այս պահը մեզ հանձնարարած զորամասերում սննդի կազմակերպման գործընթացն արդեն իրականացրել ենք շուրջ 95%-ով: Նախատեսում էինք այն 100%-ով ավարտին հասցնել մեկ տարվա մեջ, բայց համավարակի պատճառով աշխատանքները փոքր-ինչ դանդաղեցին:

Մեր ընկերության համար սա նոր ուղղություն և շատ հետաքրքիր ծրագիր էր: Այո´, ունեցել ենք դժվարություններ, բայց դրանք հաղթահարելի են եղել: Սկզբում բարդ էր թիմային աշխատանքի կազմակերպումը, քանի որ մենք զրոյից նոր թիմ էինք ձևավորում, որը դեռևս ծանոթ չէր մեզ, մեր արժեքներին ու առաջնահերթություններին: «Երեմյան Փրոջեքթս»-ից Արցախ գործուղված թիմն ամենօրյա աշխատանքի շնորհիվ կարողացավ Արցախի աշխատակիցներին փոխանցել մեր թիմային ոգին, անհրաժեշտ գիտելիքները: Եվ այսօր ունենք թիմ, որը ոչ միայն համեղ ու սննդարար ճաշացանկ է ստեղծել, այլև ձևավորել է աշխատանքի համակարգային մոդել, որը գործում է գրեթե անթերի:

Հպարտությամբ պետք է նշեմ, որ մի քանի զորամասի խոհանոցները ղեկավարում են մեր թիմի արցախցի նոր անդամները։ Այս պահին Արցախում ունենք մոտ 320 աշխատակից և մինչև ծրագրի ավարտ նախատեսում ենք այդ թիվը հասցնել 400-ի: Նրանք «Երեմյան Փրոջեքթս»-ի աշխատակիցներն են, առաջնորդվում են մեր կանոնակարգով, սկզբունքներով և օգտվում են սահմանված բոլոր արտոնություններից ու հնարավորություններից:

-Արցախի գյուղացիների և ֆերմերների հետ համագործակցություններն ու մթերման գործընթացները դեռ շարունակվում են:

-Այս պահին էլ շարունակում ենք համագործակցել Արցախի որոշ ֆերմերների հետ, սակայն ամբողջությամբ Արցախից մթերում իրականացնելու համար անհրաժեշտ քանակություն ապահովել դեռ չի ստացվում: Համավարակի պայմաններում շատ գործընթացներ դանդաղեցին։ Բանակցություններն այս պահին էլ շարունակվում են, և հույս ունենք, որ հաջորդ տարի զորամասեր կմատակարարվի նաև Արցախի թարմ ու բարձրորակ մթերքը, որը կհամապատասխանի մեզ համար առաջնային համարվող չափաննշներին:

Իսկ նման մեծ ծավալի մթերքը թարմ վիճակում Երևանից զորամասեր անվնաս հասցնելու խնդիրը լուծելու համար կուռ լոգիստիկ համակարգ ենք ներդրել՝ Արցախում սառնարանային տնտեսություն ենք հիմնել: Մթերքն էլ Երևանից Արցախ տեղափոխվում է հատուկ սառնարանային մեքենաներով, ինչն օգնում է պահպանել մթերքի որակն ու թարմությունը:

-Այս մեկ տարվա ընթացքում եղե՞լ են արդյոք փոփոխություններ ճաշացանկում, ինչպե՞ս է իրականացվում դրա մշակման գործընթացը:

-Մենք ճաշացանկը մշակել ենք համագործակցելով բժիշկ-սննդաբանների հետ: Սննդակարգի մշակումը մշտական աշխատանք է ենթադրում, և մեր մասնագետներն աշխատում են ճաշացանկի պարբերաբար փոփոխման վրա:

Ուտեստները պատրաստման տեխնոլոգիայով, մթերքների որակով ու համով չեն զիջում մեր ռեստորաններում մատուցվողներին: Ինչպես ռեստորաններում, այստեղ ևս յուրաքանչյուր ուտեստ ճաշացանկում ներգրավելուց առաջ անցնում է դեգուստացիայի փուլ մեր ընկերության բրենդ-շեֆի կողմից:

Մեր զինվորներին հասանելի է նաև «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կողմից արտադրվող Yeremyan Products բարձրակարգ, եվրոպական չափանիշներին համապատասխան կաթնամթերքը, մեր ֆերմաներից մատակարարվող թարմ մսամթերքն ու հմուտ մասնագետների կողմից պատրաստված երշիկներն ու նրբերշիկները: Մենք բանակում էլ կարողանում ենք պահպանել ավանդական ուտեստների համն ու հոտը, և հաճախ եմ կարծիքներ լսում հենց զինվորներից, որ իրենց մայրիկների ու տատիկների պատրաստածի համն է: Քանի որ ունենք հատուկ չափանիշներով մշակված սննդակարգ, որտեղ օգտակարությունը շատ կարևոր է, զինովորներին մատուցում ենք նաև սննդարար բաղադրիչներով օգտակար ուտեստներ. մեծ ուշադրություն ենք դարձնում սեզոնային մթերքներին, և ճաշացանկում անպայման ներառում ենք թարմ բանջարեղեն, մրգեր և այլն, օգտագործում ենք, օրինակ, վարսակի փաթիլներ, կաթնամթերք: Ճաշացանկում են նաև մեր կողմից պատրաստված քաղցրավենիքը, շոկոլադը։ Ճիշտ է, մատուցվող ուտեստները բավականին սննդարար են, բայց եթե զինվորները հետևեն ֆիզիկական պատրաստվածությանը, ապա գիրանալու կամ ավելորդ քաշ հավաքելու հետ կապված խնդիր չեն ունենա:

Մայրիկների մշտական մտահոգությունը եղել է, թե իրենց որդին ինչ է ուտում, ինչքան, հավանում է արդյոք պատրաստածը, թե՝ ոչ: Ուզում եմ վստահեցնել, որ այսօր պետությունը մեր զինվորների մասին հոգ է տանում ինչպես ընտանիքում, մենք էլ ապահովում ենք դեռ ավելի առողջ սնունդ, որովհետև զինվորները սնվում են հստակ սահմանված ռեժիմով, հաշվարկված սննդարարությամբ և չափաբաժնով:

Պետությունը կարողացել է հաշվարկել այն օպտիմալ բյուջեն, որի շրջանակում որոշակիորեն հնարավոր է դառնում այս աշխատանքների հետևողական և արդյունավետ իրականացումը։ Տեսեք՝ պետությունը յուրաքանչյուր զինվորին փոխանցում է օրական 3000 դրամ: Այդ գումարի սահմաններում մենք ապահովում ենք երեքանգամյա թարմ, համեղ ու բազմազան ճաշացանկ, որը ներառում է, ինչպես նշել եմ, և´ բարձրորակ մսամթերք և´ կաթնամթերք, և´ քաղցրավենիք, և´ սեզոնային մրգեր, կարողանում ենք ապահովել 400 հոգանոց աշխատակազմի վարձատրությունը, վճարում ենք հարկեր, կոմունալ ծախսեր, հոգում ենք սննդի տեղափոխման՝ լոգիստիկայի կարևոր ծախսեր: Մենք օգտագործում ենք հիմնականում տեղական թարմ մթերք, որն ավելի բարձր գնային սանդղակում է, քան ներմուծվածը: Բայց մենք նախընտրում ենք տեղականը, որովհետև այն միանշանակ ավելի որակյալ է: Դրանից բացի՝ այսկերպ մենք նպաստում ենք Հայաստանում ու Արցախում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը,

Տարբեր արձագանքներ ենք լսել, որ հնարավոր չէ՞ արդյոք ավելի քիչ գումարով կազմակերպել ամբողջ գործընթացը: Գուցե հնարավոր է… բայց դա սննդի որակի վրա է անդրադառնալու: Իսկ ես բազմիցս նշել եմ, որ այս նախագիծը պարզապես բիզնես չէ․ սա պատվի և պատասխանատվության հարց է։ Մեզ համար առաջնային եղել է, կա և կմնա մեր զինվորներին միայն բարձրորակը մատուցելը։ Մենք շահագրգռված ենք, որ մեր տղաները առողջ, համեղ և բազմազան սնվեն, մենք ուզում ենք մեր փորձն ու ռեսուրսը ներդնել, ուզում ենք փոփոխություններ բերել, որովհետև հարցը վերաբերում է մեր բանակին, մեր երկրի պաշտպաններին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում