Հասարակական

«Խաղաղության մարտիկ» մրցույթում հայտնի է դարձել լավագույն դիպուկահարը. ՀՀ-ն երրորդ տեղում է

3 րոպեի ընթերցում

«Խաղաղության մարտիկ» մրցույթում հայտնի է դարձել լավագույն դիպուկահարը. ՀՀ-ն երրորդ տեղում է

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության Իջևան քաղաքի ռազմամարզական համալիրում և լեռնային զորավարժարանում կայացած «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակում «Դիպուկահար» կրակային պատրաստության ավարտական փուլում լավագույն թիմ է ճանաչվել Ռուսաստանի Դաշնությունը:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

«Դիպուկահար» կրակային պատրաստության փուլը նախատեսում էր հետևյալ պայմանների պահպանում. փամփուշտների քանակը պետք է լիներ 15 հատ (3 փորձնական և 12 ստուգարքային): Վարժությունը կատարվել է հրաձգության երեք դիրքից, և յուրաքանչյուրից կատարվել է 5-ական կրակոց:

Կանանց և տղամարդկանց «Դիպուկահար» փուլի կրակային պատրաստության արդյունքների ամփոփումից հետո Ռուսաստանի թիմը հաղթանակ է տարել, երկրորդ տեղում Բելառուսի թիմն է, երրորդ տեղում Հայաստանի:

Սեպտեմբերի 2-ին տեղի է ունենալու «Խաղաղության մարտիկ» մրցույթի բոլոր փուլերի արդյունքում հաղթողների պարգևատրման և խրախուսման արարողությունը, ինչպես նաև հայկական էստրադայի աստղերի և ՀՀ ՊՆ երգի ու պարի համույթի մասնակցությամբ գալա համերգը:

Միջազգային մրցույթն անց է կացվում ամեն տարի 2009 թվականից ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության և ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության ծրագրերին համապատասխան։ 2018 թվականից սկսած՝ միջոցառումն ընդգրկված է Բանակային միջազգային խաղերի մրցումների ցանկում, ինչն էլ թույլ է տվել ընդլայնել մասնակիցների աշխարհագրական ընդգրկումը։ Արդեն 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է նաև Հունաստանը։

«Խաղաղության մարտիկ» զինծառայողների մասնագիտական վարպետության մրցույթին մասնակցում են թիմեր Հայաստանի, Բելառուսի, Հունաստանի և Ռուսաստանի հանրապետություններից: Յուրաքանչյուր թիմ բաղկացած է 4 զինծառայողից, այդ թվում՝ մեկ կին։

Մրցույթն անց է կացվում բոլոր սանիտարական-հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, որոնք բացառում են ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում