Երևանում տեղի ունեցած պայթյունից տուժածներից մեկի վիճակը նախնական տվյալներով ծայրահեղ ծանր է
2 րոպեի ընթերցում
![Երևանում տեղի ունեցած պայթյունից տուժածներից մեկի վիճակը նախնական տվյալներով ծայրահեղ ծանր է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/08/1025879.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիները «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում հետազոտվում են:
«Արմենպրես»-ի հետ զրույցում` այս մասին ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
«Այս պահին նրանք հետազոտվում են: Տուժածներից մեկը կին է, մյուսը` տղամարդ»,- նշեց Դանիելյանը:
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ տուժողներից կինը, նախնական տվյալներով, ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ:
«Բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության: Մյուս տուժածը` տղամարդ, ունի մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է»,- նշել է Նիկողոսյանը և հավելել, որ Համալիր հետազոտություններից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ հայտնել է, որ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։
«Մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության եւ դրա հիման վրա՝ հետագայում վերականգնման հարցը։ Որոնողական աշխատանքներից և հետաքննության ավարտից հետո տարածքը կմաքրվի»,- նշել է Մարությանը:
Օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից պայթյուն է տեղի ունեցել: Դեպքի վայր են մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: