Արցախի նախագահը Քաշաթաղի շրջանի ղեկավարին աշխատանքից ազատել է պաշտոնեական դիրքի չարաշահման համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանին աշխատանքից ազատել է պաշտոնեական դիրքի չարաշահման համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:

«Այսօր Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանին աշխատանքից ազատելու մասին կառավարության որոշում եմ հաստատել, իսկ պատճառն իմ հանձնարարականին չհետևելն է՝ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ որդուն իր ենթակայությամբ վարչակազմի աշխատակազմում գործի ընդունելը: Նորից եմ դիմում պետական բարձրաստիճան պաշտոնյաներին. բոլոր հանձնարարականներիս կատարման հարցում լինելու եմ հետևողական, իսկ ձեր խնդիրը Հայրենիքին բարեխղճորեն ծառայելն է միայն»,- գրել է Հարությունյանը:

Նախագահը նշել է, որ այլապես միասին աշխատելու եզրեր չեն լինի:

Հայերեն Русский