Հասարակական

ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակն արձագանքել է մոլորված հայ սպայի որոնման մասին հարցին

2 րոպեի ընթերցում

 ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակն արձագանքել է մոլորված հայ սպայի որոնման մասին հարցին

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի գրասենյակը մոլորված սպա Գուրգեն Ալավերդյանի դեպքի վերաբերյալ համապասխան ընթացակարգերով գործողություններ կիրականացնի, երբ ստանա համապատասխան հաստատումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ «Սպա Գուրգեն Ալավերդյանի դեպքի վերաբերյալ հաստատում ստանալու դեպքում համապատասխան ընթացակարգերով գործողություններ կիրականացվեն»,- ասաց Ամատունին:

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից հաստատում ստանալն ընթացակարգային անհրաժեշտություն է, որից հետո միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի գրասենյակը կարող է անցնել ընթացակարգով նախատեսված այլ գործողությունների իրականացմանը:

Պաշտոնապես չի հաստատվել հայ սպայի՝ Ադրբեջանում հայտնվելու լուրը, թեև դրա մասին առանց պաշտոնական աղբյուրի հիշատակել են ադրբեջանական լրատվամիջոցները:

ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ սպա Գուրգեն Ալավերդյանը շփոթվել և մոլորվել է եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով՝ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու խնդիրները լուծելիս: Իրականացվում են որոնողական աշխատանքներ: ՀՀ ՊՆ-ն Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ, ապատեղեկատվություն է համարում:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում