Այժմ հայաստանյան ընդդիմությունը կարող է շատ ավելի ազատ գործել, քան հեղափոխությունից առաջ. Փաշինյան
2 րոպեի ընթերցում
![Այժմ հայաստանյան ընդդիմությունը կարող է շատ ավելի ազատ գործել, քան հեղափոխությունից առաջ. Փաշինյան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/08/1024971.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախ է, որ այժմ հայաստանյան ընդդիմությունը կարող է շատ ավելի ազատ գործել, քան հեղափոխությունից առաջ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտնել է BBC-ի HARDtalk հաղորդման ընթացքում:
«Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և ընդդիմությունը կարող է ազատ արտահայտել իր տեսակետները: Եվ ես շատ ուրախ եմ, որ այժմ հայաստանյան ընդդիմությունը կարող է շատ ավելի ազատ գործել, քան հեղափոխությունից առաջ»,- ասել է Փաշինյանը:
Նա հիշեցրել է` Freedom House հայտնի միջազգային կազմակերպությունն իր զեկույցների պատմության մեջ առաջին անգամ հայտարարեց, որ Հայաստանն ամենամեծ երկամյա առաջընթացն է արձանագրել ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում։
2020թ. մայիսին «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հետխորհրդային երկրների ժողովրդավարության բարելավման վերաբերյալ իր զեկույցում բարձր է գնահատել Հայաստանի վերջին երկու տարիների ձեռքբերումներն այս ոլորտում: Ամերիկյան հանրահայտ իրավապաշպան կազմակերպությունն իր «Անցումային երկրներ 2020» զեկույցի հրապարակման առնչությամբ ընդգծել է, որ Հայաստանն արձանագրել է զեկույցի պատմության մեջ ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը։