Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը տեղափոխվել է Հայաստան
1 րոպեի ընթերցում
![Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը տեղափոխվել է Հայաստան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/08/1024315.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համագործակցության արդյուքնում և ՀՀ արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ ՀՀ ոստիկանության օպերատիվ աշխատակիցների խումբը օգոստոսի 6-ին Հայաստան է տեղափոխել ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Լևոն Հրաչյայի Սարգսյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Լևոն Սարգսյանին ՀՀ իրավասու մրամիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազության կողմից բավարարվել էր սույն թվականի մարտ ամսին և համապատասխան մարմիններին հանձնարարվել էր ապահովել վերջինիս տեղափոխումը հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո»,- գրել է Աբրահամյանը։
«Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Սարգսյանը մեղադրվում է 12 տարի առաջ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու մեջ: