Հասարակական

Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել զոհված հայ զինծառայողների հիշատակին

2 րոպեի ընթերցում

Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել զոհված հայ զինծառայողների հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանի վերջին լարվածությանը՝ նշելով, որ ցանկություն է հայտնել հարգանքի տուրք մատուցել բախումների հետևանքով զոհված հայ զինծառայողների հիշատակին:

«Ես ցանկանում էի հարգանքի տուրք մատուցել զոհված հայ զինվորների հիշատակին, որոնք ընկան Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիվ գործողությունների ժամանակ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանի իր էջում նշել է պատգամավոր Բուայեն՝ ավելացնելով, որ հիշատակի միջոցառում է կազմակերպվել Մարսելի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում:

«Ֆրանսիան պետք է դաշնակից և քույր մնա Հայաստանի համար»,-ասել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորը:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Հայկական կողմն ունի 5 զոհ, որից- 4-ը իրադարձությունների սրման սկզբում է եղել, օրեր անց հոսպիտալում մահացել է ևս մեկ զինվոր, որը մինչ այդ ծանր վիրավորում էր ստացել: Հուլիսի 27-ին էլ մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում