Հասարակական

Կառավարությունը հավանություն տվեց «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի արձանագրությանը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը հավանություն տվեց «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի արձանագրությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի՝ հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախագծի հիմնավորման մեջ նշվում է. ««Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի՝ հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի 89-րդ լիագումար նիստում 2011 թվականի դեկտեմբերի 19-ին:

Արձանագրությունը ստորագրել է 52 պետություն, վավերացրել է 46 պետություն:

Հայաստանի Հանրապետության կողմից Արձանագրությունը ստորագրվել է 2019թ. սեպտեմբերի 26-ին:

Արձանագրությունը կոչված է ամրապնդելու և լրացնելու ազգային և տարածաշրջանային մեխանիզմները, որոնք երեխաներին հնարավորություն են տալիս բողոքներ ներկայացնել իրենց իրավունքների խախտումների դեմ:

Արձանագրության կարևորությունն այն է, որ այն հնարավորություն է տալիս Երեխաների իրավունքների կոմիտեին իրականացնելու մի շարք գործառույթներ, որոնք ուղղված են ամրապնդելու եւ լրացնելու այդպիսի ազգային մեխանիզմները, ինչպես նաև ընդլայնելու Կոնվենցիայի և համապատասխան դեպքերում դրա՝ «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» և Կոնվենցիային կից՝ «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ» կամընտիր արձանագրությունների կիրարկումը:

Վավերացնելով Արձանագրությունը՝ Հայաստանը կստանձնի պարտավորություն պատշաճ ուշադրություն դարձնել իր իրավազորության ներքո գտնվող անձանց բողոքների վերաբերյալ Կոմիտեի տեսակետներին և առաջարկություններին ևԿոմիտե ներկայացնել գրավոր պատասխան, այդ թվում՝ տեղեկություններ՝ Կոմիտեի տեսակետների եւ առաջարկությունների լույսի ներքո ձեռնարկված և նախատեսված ցանկացած գործողության վերաբերյալ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում