ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Կոնգրեսի ընթացակարգային հանձնաժողովը չի ընդգրկելԿոնգրեսի ադրբեջանական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Սթիվ Քոհենի հատկացումների օրենքում փոփոխություն մցնելու նախագիծը, որը փորձում էր արգելափակել Լեռնային Ղարաբաղում ականազերծում իրականացնելու նախաձեռնությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ամերիկայի ձայն»-ը, այն չի դիտարկվի Հատկացումների մասին օրենքի քննարկման կամ քվեարկության ընթացքում:
Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական հանձնախմբի մեկ այլ կոնգրեսական Հենրի Քուելարսը, ով ևս ներկայացրել էր Հատկացումների մասին օրենքում փոփոխություններ իրականացնելու նախագիծ, հետ է կանչել իր նախագիծը օրակարգից:
Հուլիսի 22-ին նախատեսված է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիեռի փոփոխության նախագծի շուրջ քննարկումն ու քվեարկությունը Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովում: Սփիեռի փոփոխության նախագիծն առաջարկում է 1,5 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծում իրականացնելու համար: