Հասարակական

Բուհեր չընդունված դիմորդները բողոքի ակցիա են իրականացրել ԳԹԿ-ի դիմաց

3 րոպեի ընթերցում

Բուհեր չընդունված դիմորդները բողոքի ակցիա են իրականացրել ԳԹԿ-ի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգից դժգոհ դիմորդներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ԳԹԿ շենքի մոտ

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք բողոքում են, որ դիմորդները բարձր բալեր են հավաքել՝ 16-17, սակայն չեն ընդունվել, մինչդեռ ավելի ցածր բալ հավաքածներն ընդունվել են:

Դիմորդներից մեկի հայրը նշեց, որ իր որդին առաջին հայտով դիմել է իրավաբանության ֆակուլտետ, զուգահեռ մի քանի հայտերով ևս դիմել է, ստացել է 15.75 միավոր և չի ընդունվել: Նրա խոսքով՝ եղել են դիմորդներ, որոնք 18 և ավելի միավոր են ստացել, 4-5 հայտով դիմել, սակայն դարձյալ չեն ընդունվել:

«Շատ ֆակուլտետներում 7.5 միավոր ստացածներն ընդունվել են, ես չեմ ասում, որ ավելի բարձր ստացածներն ու իմ տղան գնան նրանց տեղում նստեն, բայց թող այնպես արվի, որ բարձր միավորներ ստացած դիմորդների համար տեղեր ավելացվեն, դրանից պետությունը միայն կշահի»,- ասաց ծնողներից մեկը:

ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը լրագրողների հետ զրույցում օրինակներով պարզաբանեց բարձր բալերով դիմորդների դուրս մնալու փաստը:

«Եթե մեկն առաջին հայտով գրել է «Իրավագիտություն», մյուսը՝ «Քաղաքագիտություն», իսկ մեկ այլ դիմորդ գրել է «Միջազգային հարաբերություններ», նշանակում է ամեն մեկը մրցում է տվյալ մասնագիտությունն ընտրած դիմորդների հետ: Առաջին հայտն անվճար, թե վճարովի՝ գերակա է մյուսների նկատմամբ»,- նշեց Նասիբյանը և հավելեց, որ մինչ այս տարի գերակա են եղել անվճար հայտերը, իսկ մնացած դեպքերում ըստ միավորների ընդունվել են:

Նրա խոսքով՝ այժմ արված է այնպես, որ, օրինակ, միջազգային հարաբերությունների ֆակուլտետ դիմողները կմրցեն իրար հետ:

«Տեղերը փակվեցին, թափուր տեղ կմնա՝ մնացած հայտերը կաշխատեն: Օրինակ՝ «Քաղաքագիտությունից» թափուր տեղ մնաց, «Միջազգային հարաբերությունների» դիմորդը կարող է գնալ և մասնակցել քննությանը»,- նշեց Նասիբյանը:

Նա ընդգծեց, որ եթե դիմորդն առաջին հայտով նշել է «Քաղաքագիտություն» և ստացել է 7,5 միավոր և հաղթահարել է անցողիկ շեմը՝ ինքը պետք է ընդունվի, թափուր տեղ չպիտի մնա, իսկ եթե թափուր մնա, ապա քննություն կանցկացվի:

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում