Հասարակական

Դատարանը հետաձգեց դատակոչի ցուցակը լրացնելու մասին Քոչարյանի պաշտպանների միջնորդությունների լուծումը

2 րոպեի ընթերցում

Դատարանը հետաձգեց դատակոչի ցուցակը լրացնելու մասին Քոչարյանի պաշտպանների միջնորդությունների լուծումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների պաշտպանների միջնորդության հարցի լուծումը, որը վերաբերում էր դատարանում հարցաքննության համար վկաների ցուցակում մի շարք անձանց ներառմանը։

«Դատարանը գտնում է, որ միջնորդությունների լուծումը պետք է հետաձգել մինչև գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը»,- նշել է դատավորը։

Նախորդ դատական նիստին Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել էր դատարան հրավիրել 2008 թվականի մարտի 8-ի դրությամբ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Հարությունյանին, դատավորներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին և Կիմ Բալայանին, ովքեր մասնակցել են ՀՀ նախագահի թեկնածուներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Տիգրան Կարապետյանի դիմումների հիման վրա ԿԸՀ 2008 թ. փետրվարի 24-ին ՀՀ նախագահ ընտրվելու մասին որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի քննությանը և կարող են գործի համար կարևոր նշանակության տեղեկություններ հայտնել այդ գործի քննության հետ կապված ՍԴ դատավորների նկատմամբ ճնշում գործադրելու մասին։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նշել էր, որ պաշտպանական կողմն այդ միջնորդությունը կարող է ներկայացնել հետագայում, քանի որ այժմ գործը չի գտնվում ապացույցների հետազոտման փուլում։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միացավ Պետրոս Պետրոսյանի դիրքորոշմանը՝ նշելով, որ մեղադրական եզրակացությունը դեռևս չի հրապարակվել, բացի այդ, դատավարական առումով սույն դատարանում պատկերացում չի կազմվել, թե որ հանգամանքները հերքելու կամ հաստատելու համար է պաշտպանական կողմը ցանկանում, որ այդ անձինք հրավիրվեն դատարան։

Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում