Հասարակական

Այլ հիվանդությունների պատվաստման ցուցանիշը նվազել է

3 րոպեի ընթերցում

Այլ հիվանդությունների պատվաստման ցուցանիշը նվազել է

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համավարակով պայմանավորված՝ Հայաստանում այլ հիվանդությունների հետ կապված պատվաստումների գործընթացընկատելի տուժել է:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ հատկապես մարտ ամսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պատվաստումների ցուցանիշը նվազել է27 տոկոսով:

«Եթե դա թողնեինք այդպես, ապա պատվաստումների գործընթացը կտապալվեր, և լուրջ ռիսկերի առաջ կկանգնեինք: Այդ էր պատճառը, որ Առողջապահության նախարարությունն անցավ անվտանգության առումով միջոցառումների ձեռնարկմանը»,- ասաց Գայանե Սահակյանը:

Մասնավորապես, եթե բուժհաստատություններն ունեն երկու մուտք, ապա մեկն առանձնացվում է առողջ բնակչության համար: Մեկ մուտքի պարագայում հենց դռների մոտ կիրառվում է համաճարակաբանական ֆիլտրը: Դրանից բացի, բոլոր պոլիկլինիկաներըհրահանգավորվեցին, որ հստակ օրեր ու ժամեր սահմանեն պատվաստումների համար, որպեսզի մարդկային հոսքերը չխաչվեն, շփումը նվազեցվի: Այդ աշխատանքները որոշ չափով տվեցին իրենց արդյունքները. արդեն ապրիլին, 2019 թվականի նույն ամսվա համեմատ, նվազման ցուցանիշը դարձավ 11 տոկոս: Մայիսին դարձավ 8 տոկոս: Հունիսին բարձրացավ և դարձավ 14 տոկոս. դա մասնագետը պայմանավորում է այդ ամսին կորոնավիրուսի թվերի ավելացմամբ:

«Ինտենսիվ սկսեցինք մեր աշխատանքը, պատվաստումների գործընթացը խստորեն տարանջատվեց, արդեն հուլիս ամսին այդ տեսանկյունից դրական միտում է նկատվում»,- ասաց Գայանե Սահակյանը:

Կանծնողներ, որոնք լիարժեք չեն հետևում պատվաստումների գործընթացին, որոշ դեպքերում հրաժարվում են կամ թերի են կատարում: Գայանե Սահակյանը նշեց, որ լիարժեք իմունիտետի հետ կապված՝ անհրաժեշտ է կատարել բոլոր պատվաստումները, հակառակ պարագայում գլուխ են բարձրացնում հիվանդություններ, որոնք տարիներ շարունակ չեն գրանցվել: Պատվաստումներից հրաժարվելու կամ դրանք թերի կատարելու հետևանքով այս շրջանում նկատվում են կապույտ հազի, խոզուկի եզակի դեպքեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում