Հասարակական

ՀՀ Զինված ուժերը լիովին վերահսկում են իրենց զբաղեցրած դիրքերը. Արծրուն Հովհաննիսյան

2 րոպեի ընթերցում

ՀՀ Զինված ուժերը լիովին վերահսկում են իրենց զբաղեցրած դիրքերը. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն դինամիկան շատ արագ է փոխվում, ցանկացած պահի կարող է լարում առաջանալ, այնուամենայնիվ, ՀՀ Զինված ուժերը լիովին վերահսկում են իրենց զբաղեցրած դիրքերը, հսկողության տակ պահում հակառակորդի բոլոր տեսակի շարժերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ըստ էության գիշերը և առավոտյան մինչև գրեթե կեսօր եղել են տարբեր ինտենսիվության կրակոցներ, արկակոծումներ և այլն: Ցերեկվա ժամերին համեմատաբար հանգիստ էր, սակայն կեսօրից հետո մոտավորապես ժամը 17:00-ի սահմաններում սկսվել էր, և մինչև 19:30-ը եղել են ԱԹՍ-ների հարվածները, այդ թվում՝ նաև Չինարիի դեպքը: Այս պահի դրությամբ համեմատաբար հանգիստ է»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա, սակայն, նշեց, որ դինամիկան շատ արագ փոփոխվում է, ցանկացած պահի կարող է լարում առաջանալ, հետո հանդարտություն տիրել: Դրանք պայմանավորված են բազում հանգամանքներով, բայց առաջին հերթին՝ ռազմական հանգամանքներով:

«Հայկական զինված ուժերը շարունակում են իրականացնել իրենց մարտական ծառայությունը, լիովին վերահսկում են իրենց զբաղեցրած դիրքերը, իրենց հսկողության տակ են պահում, բավականին լավ դիտարկում են հակառակորդի բոլոր տեսակի շարժերը՝ օդային, թե ցամաքային և պատրաստ են ցանկացած գործողության»,-վստահեցրեց Հովհաննիսյանը:

Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել էին հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ էր շպրտվել։

Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել էին հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում