ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32490 դեպք, որոնցից 20729-ն` առողջացած:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում10996 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 136 802 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 339 նոր դեպք և 864 առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 581 (ավելացել է ևս 8-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 50, 79, 88 տարեկան տղամարդիկ և 72, 79, 77, 62 և 53 տարեկան կանայք։ Բացի 53 տարեկան կնոջից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 184 է:
Կառավարությունը հուլիսի 13-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հուլիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև օգոստոսի13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:
Աննա Գրիգորյան