Գավառի տարածաշրջանի վետերանները պարգեւատրվեցին հաղթանակի 75-ամյակի առթիվ
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 7ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վետերանների միավորման նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը եւ ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, փոխգնդապետ Ամրամ Օհանյանը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ մեդալներ ու դրամական պարգեւներ հանձնեցին Գավառի տարածաշրջանի 6 վետերանների:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գավառ քաղաքից պարգեւատրվել են 3 վետերաններ՝ Ռաֆիկ Կեւեյանը, Մամիկոն Միրիբյանը եւ Ավետիք Դադիկյանը: Սարուխան համայնքից պարգեւատրվել են երկու վետերան՝ Սոս Հայդարձյանը եւ Մեխակ Ավետիսյանը, Ծովազարդ համայնքից՝ Արամայիս Սարգսյանը: Նրանցից միայն Ռաֆիկ Կեւեյանն ու Սոս Հայդարձյանն են կարողացել անձամբ ստանալ իրենց մեդալներն ու դրամական օգնությունը, ինչի առիթով նրանց եւս մեկ անգամ շնորհավորել է Սիմոն Եսայանը՝ նշելով, որ նրանց կերտած հաղթանակը մինչ այժմ լուսավորում է սերունդների ճանապարհը: Մնացած վետերանները առողջական վիճակի պատճառով չեն կարողացել անձամբ ստանալ իրենց պարգեւները, որոնք հանձնվել են պարգեւատրման արարողությանը մասնակցած նրանց հարազատներին:
Հայաստանի վետերանների միավորման նախագահը նաեւ առողջություն է մաղթել կյանքի ինսուն տարվա շեմը հաղթահարած վետերաններին: «Հուսով եմ, որ դուք անձամբ մեր կողմից կստանաք Մեծ հայրենականի տարած հաղթանակի հոբելյանական 80-ամյակի կապակցությամբ hանձնվելիք պարգեւները»,- նշել է Սիմոն Եսայանը:
Խոսրով Խլղաթյան