Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազը հյուրընկալվել է Արցախի գլխավոր դատախազությունում

3 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազը հյուրընկալվել է Արցախի գլխավոր դատախազությունում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԱՀ գլխավոր դատախազության աշխատակիցների հետ:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի Հանրապետության դատախազության կայքէջից։

Կայացած խորհրդակցության ընթացքում Արթուր Դավթյանը ընտրվելու և ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ շնորհավորել է Մհեր Աղաջանյանին, ինչպես նաև նորանշանակ գլխավոր դատախազի տեղակալներին` հաջողություն մաղթելով նրանց իրենց դժվարին ու պատասխանատու աշխատանքում: Նա միաժամանակ վստահություն է հայտնել, որ ղեկավար կազմի ձևավորումը նոր շունչ կհաղորդի Արցախի դատախազությանը` իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս:

ՀՀ գլխավոր դատախազը ողջունել է հայկական երկրորդ հանրապետության դատախազական համակարգի բարեփոխումների այն տեսլականն ու գաղափարները, որոնք ունի ԱՀ նոր գլխավոր դատախազը և որոնց շուրջ իրենք ունեցել են համատեղ քննարկումներ: Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը մշտապես պատրաստ է իր ունեցած ռեսուրսներով ու հնարավորություններով նպաստել ԱՀ դատախազության կարողությունների զարգացմանը և արդյունավետության բարձրացմանը միտված բոլոր նախաձեռնություններին:

Նա բարձր է գնահատել հատկապես Արցախում կայացած համապետական վերջին ընտրությունների կազմակերպման, քվեարկության ընթացքում, ինչպես նաև հետընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների, ընտրական գործընթացներին ներգրավված սուբյեկտների դիմումների, ահազանգերի քննության ու ընթացքավորման նկատմամբ դատախազական արդյունավետ հսկողությանիրականացման առումով Արցախի դատախազության կազմակերպված և համակարգված գործունեությունը, որը մեծապես նպաստել է Արցախում ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացմանը, արցախցիների ազատ ու անկաշկանդ կամարտահայտմանը: Նման արդյունքի հնարավոր է եղել հասնել ոչ միայն Արցախի մյուս իրավապահ մարմինների հետ սերտ փոխգործակցությամբ, այլ նաև ՀՀ գլխավոր դատախազության փորձի փոխանցման նպատակով նախապես իրականացված համատեղ միջոցառումներով, ինչը լավ օրինակ է նաև այլ ոլորտներում կիրառելու և հաջողություններ արձանագրելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրներում դատախազության գործունեությանն անմիջականորեն առնչվող օրենսդրական դաշտերի, ինստիտուցիոնալ բարեփոխումների ներդաշնակության, միասնականության ապահովման անհրաժեշտությանը, ինչպես նաև փորձի փոխանակման ձևավորված կառուցակարգերի և ավանդույթների շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազը համոզմունք է հայտնել, որ դրանք նպաստում են հայկական երկու պետություններում իրավակարգի ամրապնդմանը, իրավական անվտանգության և քրեական վարույթի օրինականության երաշխավորմանը, հանցավորության դեմ համատեղ պայքարում իրավապահ մարմինների գործակցության արդյունավետության բարձրացմանը և իրենց բնօրրանում հայ ժողովրդի ազատ, ստեղծագործ ու հնարավորինս անվտանգ կենսագործունեությանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում