Հասարակական

Կորոնավիրուսով վարակված մոտ 650 անձի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր

3 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսով վարակված մոտ 650 անձի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության վերջին օրերի վիճակագրության համաձայն ընդհանուր թեստավորվածների 30 տոկոսի մոտ գրանցվում է վարակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Լավ է այն իմաստով, որ աճ չկա, սակայն վատ է այն իմաստով, որ այդ թվերը մնում են բացարձակ առումով մեծ: Մեր խնդիրը մնում է նույնը, շարունակել իրականացնել մեր գործողությունները, որպեսզի նաև բացարձակ թվերով ունենանք անկում»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ բուժհաստատություններում հուլիսի 5-ի դրությամբ հանրապետությունում մահճակալային ընդհանուր ֆոնդը հասել է 2 հազար 600-ի: Դրանից 2 հազար 300-ը սովորական մահճակալներ են, մոտ 300-ը վերակենդանացման բաժնի մահճակալներն են: Մահճակալային ֆոնդի զբաղեցվածությունը կրկին մնում է բարձր, հատկապես վերակենդանացման բաժանմունքներում: Հանրապետությունում մոտ 650 հոգու առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր: Նրանցից 47-ը միացված են թոքերի արհեստական շնչառության սարքերին:

«Այսօր ժամը 15:00-ի դրությամբ չունենք տնային պայմաններում քաղաքացի, որն ունի հրատապ հոսպիտալացման կարիք: Վերադառնալով միջոցառումների արդյունավետությանը, ես ուզում եմ, որ մենք բոլորս արձանագրենք մի բան՝ այս ծանր, բայց կայուն վիճակը մեր հակահամաճակարային միջոցառումների շնորհիվ է: Դրանից բացի, դիմակների պատշաճ կրումը մեզ մոտ նույնպես ապացուցվել է, որ էֆեկտիվ է: Եթե այդպես չլիներ, ապա մենք ունենալու էինք ոչ թե օրական 500, 600, 700 դեպք, այլ ավելի շատ դեպքեր»,-ասաց Արսեն Թորոսյանը: Նախարարը շնորհակալություն հայտնեց այն քաղաքացիներին, որոնք հետևում են անվտանգության կանոններին, պատշաճ ձևով կրում են դիմակներ: Նրանք իրենց այդ վարքագծով կանխել են տասնյակ, եթե ոչ 100-ավոր մահեր: Նախարարն ընդգծեց, որ ջանքերը պետք է ավելացնել և շարունակել պահպանել անվտանգության կանոնները: Այդ դեպքում կա իրական հնարավորություն թվերն իջեցնելու:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց, որ այն պահից, երբ կառավարությունը տեսնի, որ մեր առողջապահական համակարգն այլևս չի կարողանում, ի վիճակի չէ, թեկուզ այսպիսի ծայրահեղ լարվածության պայմաններում սպասարկել քաղաքացիներին, ապա այլ ելք չեն ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին:

«Ընդ որում, իմանալով, որ սա մեծ հարված է լինելու մեր տնտեսությանը: Իմ հույսն այն է, որ մեր քաղաքացիները կգիտակցեն պահի լրջությունը: Ես կարծում եմ, որ քաղաքացիների անհատական վարքի փոփոխությունը կլինի այն գործիքը, որով կհաղթահարենք իրավիճակը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում