Մշակույթ

Հովհաննես Աբելյանի անվան թատրոնը հեռուստաներկայացումներով կմատուցի Չեխովի հայտնի պիեսները

2 րոպեի ընթերցում

Հովհաննես Աբելյանի անվան թատրոնը հեռուստաներկայացումներով կմատուցի Չեխովի հայտնի պիեսները

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թատրոն-հանդիսատես կապը չկորցնելու, թատրերասերներին նոր էմոցիաներ պարգևելու նպատակով Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հանդես կգա հեռուստաներկայացումներով: Թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում և Youtube-ի ալիքում շուտով կհեռարձակվեն Անտոն Չեխովի «Արջը» և «Առաջարկություն» պիեսների հիման վրա բեմադրված հեռուստաներկայացումները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հեռուստաներկայացումների ռեժիսոր Արեն Օսիպյանն ասաց, որ նախագծի գաղափարն առաջացել է համավարակի զարգացման շրջանում: «Մի քանի ամիս է՝ թատրոնի դռները փակ են: Պետք էր մտածել, նախաձեռնել մի ծրագիր, որ հանդիսատեսը չմոռանա թատրոնը: Որոշեցինք համադրել թատրոնն ու կինոն և նոր ձևաչափով՝ հեռուստաներկայացմամբ հանդես գալ»,-նշեց ռեժիսորն ու տեղեկացրեց, որ հեռուստաներկայացումներում զբաղված են թատրոնի երիտասարդ դերասանները՝ Տաթև Պետրոսյանը, Արման Սաքանյանը, Մարիամ Ղևոնդյանը, Թաթուլ Բոստանչյանը, Վահրամ Խառատյանը, Էդգար Բարսեղյանը:

Նա հույս ունի, որ հեռուստաներկայացումները դուր կգան մարդկանց: Այդ դեպքում նախաձեռնությունը շարունակական կլինի: Իսկ եթե հանդիսատեսը աշխատանքին ցածր գնահատական տա, կփորձեն նոր բան ստեղծել: Հիմա թիմը կենտրոնացած է այս ծրագրի վրա:

Բացելով հեռուստաներկայացման փակագծերը՝ Օսիպյանը նշեց, որ հետաքրքրությամբ են աշխատել տեսախցիկի հետ. եթե պիեսում նկարագրվում է տեսարան այգում, ապա նկարահանումները իրականացվում են այգում: Վանաձորից բացի հեռուստաներկայացման նկարահանումներն իրականացվել են նաև Լոռու մարզի գյուղերից մեկում:

Արեն Օսիպյանի համոզմամբ՝ յուրաքանչյուր արվեստագետ պետք է ամեն պարագայում գտնի աշխատելու ինչ-որ ձևաչափ, տարբերակ: «Եթե սպասենք համավարակի ավարտին, կդոփենք տեղում: Պետք է նոր լուծումներ գտնել և առաջ շարժվել: Հիմա պետք է ստեղծագործել, հակառակ դեպքում դերասանը կլճանա, ռեժիսորը կլճանա»,-եզրափակեց ռեժիսորը:

Անժելա Համբարձումյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում