Արսեն Թորոսյանը անհրաժեշտ է համարում պարտադրվածի փոխարեն գիտակցված լոքդաունի դիմելը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հայաստանում նոր կորոնավիրուսի կանխումը տարածելու համար անհրաժեշտ է համարում, որ քաղաքացիները պարտադրվածի փոխարեն դիմեն գիտակցված լոքդաունի՝ հրաժարվելով տարբեր հանդիպումներից և այցերից և տանը մնալով։ Այս մասին նախարարը հայտարարել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ՝ ընդգծելով. «Այս իրավիճակից դուրս գալու այլ ելք չկա»։

«Մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն։

Բոլորս պետք է սահմանափակենք մեր ոչ կենսական շփումները, շարժումները, այցերը, միջոցառումները, հանդիպումները։

Պետք է մնանք տանը ինչքան հնարավոր է շատ։

Շաբաթ-կիրակի օրերին նույնպես պետք է մնալ տանը, չգնալ հյուր, ցերեկույթների, երեկույթների, մեր հարազատների հետ բնության գրկում պիկնիկների։

Պետք է դադարեցնել խմբակային կամ նույնիսկ անհատական այցերը տարատեսակ տեսարժան վայրեր, հիմա դրա ժամանակը չէ։

Պետք է դադարեցնել նշել տարբեր ուրախ առիթներ՝ երեխայի ծնունդ, ծննդյան արարողություններ, ամուսնության տարեդարձեր և այլն, այդ թվում ձեր իսկ տներում։

Սգո միջոցառումներին մասնակցությունը պետք է առավելագույնս սահմանափակել, պրակտիկորեն դադարեցնել։ Հեռախոսով ասված ցավակցությունը այս համաճարակային վիճակում ավելի արժեքավոր պետք է դիտվի, քան անձամբը։

Երեկոյան նույնպես պետք է մնալ տանը, չիջնել բակ, չշփվել հարևանների հետ։ Պարզապես պետք է չշփվել, չհանդիպել, իրարից հեռու մնալ, միասին սուրճ չխմել և այլն։

Երեխաներին, ինչքան էլ դժվար է, պետք է պահել տանը, ինչքան հնարավոր է շատ ու երկար։ Պետք է այլ զբաղմունք մտածել երեխաների համար, որ նրանք չգնան բակում խաղալու։

Մի այցելեք ձեր հարազատներին, եթե կենսական անհրաժեշտություն չկա, առժամանակ շփվեք հեռավար կապի միջոցներով։ Այդ զոհողությունը պետք է հենց նրանց կյանքը փրկելու համար։

Դադարեցրեք սրճարան-ռեստորանային այցելությունները, դա միակ տեղն է, որտեղ հնարավոր է լինել առանց դիմակի և վարակել միմյանց։ Եթե սնունդ եք ուզում ընդունել հենց այդ ռեստորանից, պատվիրեք այն և միայնակ սնվեք։

Դուրս մի եկեք երեկոյան զբոսանքների։ Պետք է կարողանանք դիմանալ այդ գայթակղությանը և կարևոր պահանջին մինչև իրավիճակի լավացումը։

Մնացած բոլոր դեպքերում պետք է ճիշտ կրել դիմակ, պահպանել 1.5-2մ հեռավորություն, հաճախ ախտահանել ձեռքերը։

Այս իրավիճակից դուրս գալու այլ ելք չկա։ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԿԱ»,- ընդգծել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Հայաստանում հունիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 24 645 դեպք, որոնցից 13 116-ն` առողջացած:Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10 964 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 109 173 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 736 նոր դեպք և 205 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 426 (ավելացել է ևս 6-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 33, 85 տարեկան տղամարդիկ և 83, 87, 81, 80 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Արձանագրվել է մահվան ևս 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 139 է։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Հայերեն Русский

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը