Հասարակական

Բարձրացնել արդյունավետությունը. Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը նոր ծառայություն ունի

3 րոպեի ընթերցում

Բարձրացնել արդյունավետությունը. Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը նոր ծառայություն ունի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում թմրամիջոց օգտագործած անձանց բուժման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նոր ծառայություն է մտցվել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն, թմրաբանության գծով խորհրդատու Սուրեն Նազինյանը:

«Խոսքը սոցիալ-հոգեբանական աջակցության մասին է: Այսինքն՝ բուժառուները, երբ ընդունվում են մեզ մոտ, իրենք չեն ստանում դեղորայքային բուժում և գնում տուն, նրանց տրամադրվում է սոցիալ-հոգեբանական աջակցություն: Նրանց հետ աշխատում է և՛ հոգեբանը, և՛ սոցիալական աշխատողը: Դա բուժման արդյունավետությունը բավական բարձրացնում է»,-ասաց Սուրեն Նազինյանը:

Մասնագետը նկատեց, որ սովորաբար նման խնդրի առաջ կանգնած անձինք ուշ են դիմում բժիշկներին, երբ արդեն առկա է լինում կախվածության համախտանիշ: Դրա պարագայում առաջանում են առողջական լուրջ բարդություններ, զարգանում են այլ հիվանդություններ:

«Լինում են դեպքեր, երբ մարդը բուժում ստանալու նպատակովբավական ուշ է դիմում թմրաբանական ծառայություն: Ծխելու միջոցով թմրամիջոցների կիրառման պարագայում մարդը վնասում է շնչառական համակարգը, իսկ երակային, երբեմն միջմկանային ճանապարհով օգտագործելու դեպքում առաջանում է անոթների ախտահարում: Առկա է նաև արյան միջոցով վարակիչ հիվանդությունների փոխանցման մեծ վտանգ՝ hեպատիտ C, հեպատիտ B , ՄԻԱՎ և այլն: Ասեմ, որ բոլոր թմրամիջոցներն ազդում են կենտրոնական նյարդային համկարգի վրա, ախտահարվում է լյարդը»,- ասաց Սուրեն Նազինյանը:

Թե որքան է տևում բուժումը՝ մասնագետի խոսքով դա կախված է տարբեր հանգամանքներից: Թեթև դեպքերում հնարավոր է լինում կախվածության համախտանիշը բուժել կարճ ժամանակում: Անձն ապաքինվում է, այդ դեպքերում հավանականությունը մեծ է, որ նա կրկին չի օգտագործի թմրանյութ: Ծանր դեպքերում կարիք է առաջանում նրանց փոխարինող բուժում տրամադրել: Ներկայում Հայաստանում մոտ 600 անձ նման բուժում է ստանում:

«Հորդորում եմ զերծ մնալ թմրամիջոցներից, նույնիսկ մեկ անգամ օգտագործումը կարող է մարդու համար լինել ճակատագրական ու անդառնալի վնաս հասցնել առողջությանը՝ մինչև անգամ մահվան ելքով»,- հավելեց Սուրեն Նազինյանը:

ՄԱԿ-ի գլխավոր համաժողովը 1987 թվականին հունիսի 26-ը հռչակել է թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմպայքարի միջազգային օր: Այս տարի օրվա կարգախոսն է. «Ավելի շատ գիտելիք,ավելի լավ խնամք»։

Ամբողջ աշխարհում թմրամիջոցներ չարաշահող անձանց թիվը կազմում է շուրջ 270 միլիոն, նրանցից 30 միլիոնն ունեն թմրամիջոցներիգործածումից առաջացած հոգեկան և վարքային խանգարումներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում