Գույքահարկի առաջարկվող փոփոխությունները ռեֆորմների մեծ փաթեթի մի հատվածն են. Թունյան
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գույքային հարկի փոփոխությունները ոչ թե վատթարացնող, այլ բարելավող ազդեցություն կունենան, նախագծի չընդունման դեպքում գույքահարկերը մի քանի անգամ ավելի շատ կաճեն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանն ասաց «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Իրականում այս փոփոխությունը ունի ոչ թե վատթարացնող, այլ բարելավող ազդեցություն: Այսինքն՝ եթե մենք հիմա այս փոփոխությունը չընդունենք, գույքահարկերը մի քանի անգամ ավելի շատ կաճեն»,-ասաց Թունյանը:
Պատգամավորը գծապատկերով ցույց տվեց, որ միայն կադաստրային արժեքների վերանայման հետևանքով հաջորդ տարվա հունվարի 1-ից գույքահարկերն աճելու էին: Հիմա մեղմացնում են այդ ազդեցությունը: Մեղմացնելուն զուգահեռ, նախատեսվում է նաև սահուն անցում, ավելի բարձր հարկերին հասնելու են 6 տարվա ընթացքում: «Այսինքն՝ հաջորդ տարի քաղաքացիները գույքահարկի ազդեցություն գրեթե չեն զգալու, քիչ չափով է լինելու: 2022-ին ևս որոշ չափով կաճի և իր ամբողջական արժեքին կհասնի 2026-ին»,- նշեց պատգամավորը:
Անդրադառնալով հարցադրումներին, թե ինչու է իշխանությունը վերանայել կադաստրային արժեքները՝ Թունյանն ասաց. «Դա լրջագույն քայլ է: Եթե այսօր 50 մլն դրամ արժողությամբ բնկարանի կադաստրային արժեքը 10 մլն դրամ է գնահատվում, և ըստ այդմ էլ այլ գործարքներն այդ հիմքով են հաշվարկվում, դա այդպես մնալ չէր կարող»,- նշեց նա ու նկատեց՝ գույքահարկի գումարները գնալու են ոչ թե պետական բյուջե, այլ համայնքային բյուջե, և համայնքներն են որոշելու, թե այդ գումարները որտեղ ծախսվեն:
Պատգամավորի կարծիքով՝ այս փոփոխությունների նախագիծը, նախորդ տարի ընդունված հարկային օրենսգրքի փոփոխությունները, որով եկամտահարկի համահարթեցում եղավ, անցյալ տարի ընդունված ևս մեկ օրենք, որով կադաստրային արժեքները մոտարկվեցին շուկայական արժեքներին, պետք է դիտարկել մեկ ընդհանուր կոմպլեքսի մեջ: Այդ կոմպլեքսի մաս է կազմելու նաև պարտադիր համատարած հայտարարագրման մեխանիզմը, որն առաջիկայում կսկսեն քննարկել: Թունյանը նշեց, որ այդ բոլորը միասին ռեֆորմների մեծ փաթեթ է, որի արդյունքում մի շարք խնդիրներ են լուծվելու:
Աննա Գրիգորյան