ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իշխանությունը պետք է ժողովրդավարությունը պաշտպանի որոշ ուժերից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում 2019 թվականին պետական բյուջեի կատարման տարեկան հաշվեվության քննարկմանն իր ելույթում:
«Ընդամենը 1 ամիս առաջ ամենահեղինակավոր միջազգային կազմակերպությունը, որը հետևում է ազատությունների իրավիճակին, արձանագարեց, որ իր զեկույցերի ողջ պատմության ընթացքում Հայաստանը արձանագրել է երկամյա ամենաբարձր առաջընթացը ժողովրդավրության, մարդու իրավունքների, խոսքի ազատության ոլորտում: Ընդհանրապես սա ամբողջ աշխարհի բոլոր կազմակերպությունների արձանագրումն է»,-ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով ընդդիմադիրների քննադատություններին, թե իշխանությունը սահմանափակում է խոսքի ազատությունը՝ վարչապետն ասաց. «Ցույց տվեք երրորդ հանրապետության պատմության մեջ մի իրավիճակ, երբ առնվազն 3-4 , եթե ոչ 4-5, եթե ոչ 6-7 հեռուստաալիքով առավոտից երեկո ինչքան «քաղաքական դիակ» կա, գարշահոտություն է տարածում երկրով մեկ»:
Փաշինյանն առաջարկեց տեսնել, թե Հայաստանում խոսքի ազատության ինչ մակարդակ կա և խոսքի ազատությունն ինչպես է օգտագործվում: Նա հիշեցրեց, որ արտակարգ դրության պայմաններում, երբ կորոնավիրուսի հետ կապված խոսքի ազատության սահմանափակումներ էին մտցվել, ընդդիմության քննադատությանը, ՄԻՊ-ի և այլ հորդորներին ականջալուր լինելով, նաև ելնելով այն կանխավարկածից, որ դա ի վերջո համազգային հարց է, ոչ թե կառավարություն-ընդդիմություն հարց, կառավարությունը հանեց խոսքի ազատության սահմանափակումները՝ կորոնավիրուսի հետ կապված: «Եվ տեսեք, թե դրանից հետո ինչ սկսվեց: Եվ այսօրվա իրավիճակի կարևորագույն պատճառներից մեկը հենց դա է: Այ դա ենք արել սխալ, ձեր, ժողովրդավարական կառույցների հորդորներով հանել ենք: Մամուլի ազատությունից, սոցիալական ցանցերի ազատությունից մենք չենք պատրաստվում հրաժարվել, բայց մենք չենք հրաժարվում բարձրաձայնել այդ մասին. մարդկանց մղում են մահվան: Ընդ որում մարդկանց մղում են մահվան իմ ասած գարշահոտությունը տարածող ուժերի ֆինանսավորմամբ, որովհետև այդ ուժերը համարում են, որ Հայաստանում ինչքան շատ մարդ վարակվի կորոնավիրուսով, ինչքան շատ մարդ մահանա, իրենք այդքան բարձր հնարավորություն կունենան խոսելու»,-նշեց վարչապետը:
Նրա կարծիքով՝ ՀՀ-ում կուսակցությունները, լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունները պետք է լինեն 100 տոկոսով թափանցիկ, որպեսզի նախկիններն իրենց թալանած փողերով չֆինանսավորեն ֆեյքերի դասակներ, գումարտակներ և այլ լրատվամիջոցների՝ ՀՀ-ի ժողովրդի նկատմամբ հիբրիդային պատերազմ մղելու համար:
Փաշինյանի խոսքով` ԱԺ ամբիոնից ֆեյքերի մասին են խոսում այն մարդիկ, որոնք աշխատավարձերով 3500 ֆեյք ունեն իրենց տիրապետութան տակ, ընդ որում դա ղեկավարվում է ԱԺ պատգամավորի կողմից:
Դիմելով ընդդիմադիր ուժերին՝ Փաշինյանն ասաց. «Ժողովրդավարությունը մեզնի՞ց եք պաշտպանում: Ոչ, մենք պետք է ժողովրդավարությունը պաշտպանենք ոմանցից, որովհետև ժողովրդավարությունն ամենաթողություն չի: Ժողովրդավարությունը պատգամավորներին ղազագիր գրել տվող կուսակցությունների հույսին չի կարող մնալ»:
Աննա Գրիգորյան