Քաղաքականություն

Խորքային լուծումը կտրվի սահմանադրական խորքային փոփոխության արդյունքում. Մակունցը՝ ՍԴ-ի մասին

3 րոպեի ընթերցում

Խորքային լուծումը կտրվի սահմանադրական խորքային փոփոխության արդյունքում. Մակունցը՝ ՍԴ-ի մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում Սահմանադրական դատարանի նախագահին և դատավորներին փոխարինելու նախագիծը միջանկյալ լուծում է, իսկ համապարփակ և խորքային անդրադարձը, լուծումը կտրվի արդեն խորքային սահմանադրական փոփոխությունների արդյունքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակունցը նման տեսակետ հայտնեց ԱԺ արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկմանն իր ելույթում:

«Արդեն գրեթե 1,5 տարի շարունակ խոսում ենք ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամից և փորձում համատեղ գտնել դրանից լավագույնս դուրս գալու տարբերակներ: Այս մեկուկես տարվա ընթացքում ՍԴ-ն ունեցել է հնարավորություն ինքնուրույն վերափոխվելու, ինքնաբարեփոխվելու: Եվ այդ առումով 2018-ի դեկտեմբերին ԱԺ-ի ձևավորումից հետո, հանձինս մեզ՝ ԱԺ պատգամվորների, ունեցել է գործընկերներ՝ այդ առումով բարեփոխումներ իրականացնելու համար և ՍԴ-ի մոդելը համապատասխանեցնելու այն մոդելին, որն ընդունվել է 2015-ի սահմանադրական փոփոխություններով: Ցավոք, ոչ միայն միտում չեղավ՝ սկսելու նման գործընթաց, տեղի ունեցան նաև շատ այլ անընդունելի զարգացումներ»,-ասաց Մակունցը:

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ իրենք, միևնույն է, մնում են այն համոզման, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կլիներ լավագույն տարբերակը՝ այս իրավիճակը շտկելու համար, սակայն կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված, հանրության առողջությունն ու կյանքը չվնասելու նպատակով, չեն կարող իրականացնել հանրաքվե: «Հետևաբար, շարունակելով խորհրդակցությունները մեր միջազգային գործընկերների հետ, կոնցեպտուալ առումով գալով ընդհանուր եզրահանգնումների և համաձայնության՝ մենք ՀՀ քաղաքացիների դատին ենք ներկայացնում այս նախագիծը: Իհարկե, կարծում եմ, որ այս լուծումը միջանկյալ լուծում է, որի համապարփակ և խորքային անդրադարձը, լուծումը կտրվի արդեն խորքային սահմանադրական փոփոխությունների արդյունքում», - ասաց Մակունցը:

Լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավարը նշեց՝ ուրախ կլիներ, եթե ընդդիմության այն ներկայացուցիչները ներկա լինեին և իրենց դիրքորոշումը ևս հայտնեին քաղաքացիներին, վստահեցրեց՝ իրենց միշտ հետաքրքրում է ընդդիմության կարծիքը:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հունիսի 22-ի նիստում ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին (դատավորներին):

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում