Իրավունք

Պատգամավորները նոր օրենսդրական կարգավորումներ են առաջարկում տեսալսողական մեդիայի համար

2 րոպեի ընթերցում

Պատգամավորները նոր օրենսդրական կարգավորումներ են առաջարկում տեսալսողական մեդիայի համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Թևոսյանի և Մխիթար Հայրապետյանի և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հեղինակած օրենքի նախագծով նոր օրենսդրական կարգավորումներ են առաջարկվում հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեության համար:

«Գործող օրենքն այլևս բացարձակ չի կարգավորում հեռուստատեսային և ռադիո ոլորտը: Սահմանադրությամբ մենք ունենք անկախ պետական մարմին՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, որը միտված է կարգավորելու, վերահսկելու, ապահովելու հեռուստատեսության և ռադիոյի ազատությունները, այնինչ, գործող իրականությունում կան մի քանի ձևավորված համակարգեր, որոնք գործող օրենքով չեն կարգավորվում»,- ասաց Վահագն Թևոսյանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է նոր լիազորություններով օժտել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, որի հետևանքով կստեղծվի նոր մրցակցային միջավայր ու աստիճանաբար տարբեր փոփոխություններ կկատարվեն:

Պատգամավոր Վահագն Թևոսյանը նշեց, որ անհրաժեշտ է օրենսդրական փաթեթն ընդունել մինչև հուլիսի 20-ը:

«2020թ. հուլիսի 20-ին պետք է հայտարարվեն հանրային մուլտիպլեքսի, այսինքն՝ հեռարձակման ցանցում ազատ թվային տիրույթների մրցույթները: Անհրաժեշտություն է առաջանում, հենց շահառուների շահով պայմանավորված, որպեսզի մենք այս օրենքը շատ ավելի շուտ ընդունենք, քան կհայտարարվի մրցույթը, որպեսզի մրցույթում հաղթած մեդիա ծառայությունները գործեն արդեն նոր օրենքի կարգավորման շրջանում և իրավական խնդիր չառաջանա»,- նշեց Թևոսյանը:

Քննարկվող օրենքների նախագծերի փաթեթը դրական եզրակացության է արժանացել Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում