ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության պատճառով մահացել է 6 քաղաքացի, որոնցից ամենաերիտասարդը 65 տարեկան էր, իսկ ամենամեծը՝ 69 տարեկան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Մահացած պացիենտները եղել են 65, 66, 67 տարեկան տղամարդիկ և երեք 69 տարեկան կանայք։ Բացի 69 տարեկան կանանցից մեկից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- նշում են նախարարությունից։
Հայաստանում հունիսի 13-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերն ավելացել են 723-ով և ընդհանուր թիվը 16 004 է, արձանագրվել է մահվան 264 դեպք: Ընդհանուր առմամբ իրականացվել է 80 130 թեստ: Կորոնավիրուսից ապաքինվել 6081 պացիենտ։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 9568 պացիենտ: Նախորդ օրը գրանցվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 91 է։
Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:
Լիլիթ Դեմուրյան