Փաշինյանը խոսեց վիրուսից մահերի պատմությունը ներկայացնելով ապատեղեկատվությունը վերացնելու մասին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում անդրադարձավ կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց պատմությունը ներկայացնելով ապատեղեկատվությունը վերացնելու մասին հարցին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին խոսեց հունիսի 12-ին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկման ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանի հարցին:
«Պնդումներ կան, որ Հայաստանում կորոնավիրուսից ոչ ոք չի մահացել: Կարո՞ղ է իմաստ ունենա, որ այդ ընտանիքների պատմությունները ներկայացնենք: Ընտանիքներ կան, որտեղ ոչ թե մեկ, այլ երկու մահ է գրանցվել: Չեմ բացառում, որ լինեն դեպքեր, որ երեք մահվան դեպք լինի: Պետք է մարդիկ իմանան այս տեղեկատվության մասին, որպեսզի ապատեղեկատվություն չտարածվի, գուցե իմաստ ունի՞ մտածել այդ մեխանիզմների մասին»,- ասաց Փաշինյանը:
Հայաստանում հունիսի 12-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15 281 դեպք, որոնցից 5 639-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9 298 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 77 686 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 258 դեպք: Արձանագրվել է մահվան 86 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:
Նորայր Շողիկյան