Հասարակական

Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի պայմաններում հեռավար աշխատանքի կազմակերպման հարցին

2 րոպեի ընթերցում

Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի պայմաններում հեռավար աշխատանքի կազմակերպման հարցին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունում շարունակվում է քննարկվել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում հեռավար աշխատանքի կազմակերպման հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 12-ին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանի հարցին:

«Եթե անմիջական հանդիպելը շատ մեծ անհրաժեշտություն չէ, կարող ենք մեր խորհրդակցություններն ու քննարկումներն անցկացնել հեռավար: Դա շատ լավ հնարավորություն է: Արդյունավետության անկում ընդհանրապես չի լինում, որոշ դեպքերում կարող է լինել արդյունավետության ավելացում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ, ցավոք, օրենսդրությունը թույլ չի տալիս խորհրդարանի նիստերն անցկացնել հեռավար կարգով, սակայն ԱԺ պատգամավորների մեջ չկան վարակված անձինք, ինչը նշանակում է, որ նրանք բացառիկ պատասխանատու մարդիկ են, որոնցով կարելի է հպարտանալ:

Հայաստանում հունիսի 12-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15 281 դեպք, որոնցից 5 639-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9 298 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 77 686 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 258 դեպք: Արձանագրվել է մահվան 86 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում