Հասարակական

Թորոսյանը ներկայացրեց ՀՀ-ում կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն ըստ դեպքերի առողջական վիճակի

2 րոպեի ընթերցում

Թորոսյանը ներկայացրեց ՀՀ-ում կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն ըստ դեպքերի առողջական վիճակի

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսով վարակված և թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված քաղաքացիների շրջանում մահացության ցուցանիշը մոտ 90% է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ծայրահեղ ծանր դեպքերի մոտ ունենք մահացության մոտ 70%, ծանրների մոտ՝ ավելի քիչ, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված քաղաքացիների շրջանում մոտ 90% մահացության ցուցանիշ»,- ասաց Թորոսյանը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 425-ի վիճակը ծանր է, 100 հոգի ծայրահեղ ծանր վիճակում են և 23 մարդու միացված է արհեստական շնչառական ապարատ:

Հայաստանում հունիսի 12-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15 281 դեպք, որոնցից 5 639-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9 298 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 77 686 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 258 դեպք: Արձանագրվել է մահվան 86 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում