Հասարակական

Բաթոյանը ներկայացրեց տարեցների խնամքի տուն վարակի ներթափանցման հնարավոր աղբյուրը

2 րոպեի ընթերցում

Բաթոյանը ներկայացրեց տարեցների խնամքի տուն վարակի ներթափանցման հնարավոր աղբյուրը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորքի տուն ինտերնատում հնարավոր է եղել կանխել կորոնավիրուսային վարակի ավելի շատ տարածումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ խոսելով վարակի հնարավոր աղբյուրի մասին:

«Մեր տեղեկություններով՝ տարեցների խնամքի տանը գտնվող անձանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց և թեև թեստավորման բացասական արդյունք է ունեցել, սակայն վերադառնալուց մի քանի օր անց նույն սենյակում գտնվող անձի մոտ է հայտնաբերվել կորոնավիրուս, հետո նաև՝ իր մոտ: Վարկածներից մեկն է, որ գուցե այդ վարակը կարող է նաև հիվանդանոցում լինել»,-ասաց Բաթոյանը:

Նա նշեց՝ մանկատանը ևս դեպքեր կան: Հիշեցրեց՝ այդ հաստատություններում կարանտին էր սահմանված դեռևս փետրվարից: Աշխատակիցները 14-օրյա հերթափոխային ռեժիմով են աշխատում: «Միևնույն է, որևէ կերպ չենք կարող ամբողջությամբ խնդիրը լուծել, որովհետև ասիմպտոմ դեպքեր են լինում, և նույնիսկ ջերմաչափումները ցույց չեն տալիս, միայն թեստավորման արդյունքում է հնարավոր լինում դա հայտնաբերել: Հիմա բոլոր միջոցառումներն իրականացվել են: Բարեբախտաբար, Նորքի տուն­ինտերնատում վարակի տարածումը կանխվել է և ավելի շատ չի տարածվել»,-ասաց նախարարը:

Մայիսին հայտնի էր դարձել, որ Նորքի տուն­ինտերնատում բնակվող ավելի քան 40 ավագ սերնդի ներկայացուցչի, ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում