Հասարակական

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարները քննարկել են փոխօգնության հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարները քննարկել են փոխօգնության հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։

Քննարկվել են բուժական և հակահամաճարակային միջոցառումներին առնչվող հարցեր: Առողջապահության ոլորտի պատասխանատուները ներկայացրել են Հայաստանում և Վրաստանում ստեղծված համաճարակային իրավիճակը, մտքեր փոխանակել առաջացած մարտահրավերին հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակում ձեռնարկվող միջոցառումների մասին, ինչպես նաև քննարկել փոխօգնության հնարավորությունները:

Կարևորելով երկկողմ քննարկումները՝ գործընկերները պայմանավորվել են ստեղծել փորձի փոխանակման մշտական հարթակ: Այդ առնչությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջին նմանատիպ քննարկումն իրականացնել տեսակապի ձևաչափով` երկու երկրի առողջապահության նախարարների մասնակցությամբ:

ՀՀ առողջապահության նախարարը բարձր է գնահատել Հայաստանի ու Վրաստանի ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված սերտ համագործակցությունը, որն արտահայտվում է նախևառաջ մարտահրավերները, այդ թվում՝ համավարակը փոխօգնության ոգով իրականացնելու հարցում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հակահամաճարակային միջոցառումների թեմայով ռազմավարական հարցերի երկկողմ քննարկումներ կազմակերպելու շուրջ, հատկապես` աշնանը համավարակի հնարավոր տարածմանը պատրաստ լինելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում