Նախագահի աշխատակազմը նախորդ տարի մի շարք ուղղություններով շարունակել է ֆինանսական աջակցությունը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի աշխատակազմը 2019 թվականին մի շարք ծրագրերի իրականացման համար շարունակել է տրամադրել ֆինանսական աջակցություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին»տարեկան հաշվետվություն` եկամուտների և ծախսերի կատարողականի մասին հաղորդման քննարկմանն այս մասին ասացՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:
«Ֆինանսական աջակցություն է տրամադրվել մի շարք ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես, Եվրոպայի, աշխարհի պարալիմպիկ առաջնությունների ուժային եռամարտի սեղմում մրցաշարին մասնակցելու համար տրամադրվել է աջակցություն: Երկու մրցաշարերում էլ մարզիկն առաջին տեղն է զբաղեցրել: Աջակցություն է տրամադրվել ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիա ՀԿ-ին ՝աշխարհի բազմամարտի առաջնությանը մասնակցելու համար: Հայաստանի թիմը նվաճել է 5 ոսկե, 5 արծաթե, 1 բրոնզե մեդալներ, թիմային արդյունքով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը»,-ասաց Տարասյանը:
Աջակցություն է տրամադրվել Օձունի եկեղեցու վերականգնման նախագծման աշխատանքներին, ինչպես նաև վերականգնվել է Արագածոտնի թեմի Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու որմնանկարները: Ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել նաև որոշ մշակութային միջոցառումների:
Տարասյանի խոսքով՝ ինչպես 2018-ին, 2019-ին նույնպես ամանորյա ավանդական միջոցառումները փոխարինվել են բազմազավակ ընտանիքներին, սոցիալապես անապահով շերտերին ֆինանսական աջակցության տրամադրմամբ, օժանդակություն է տրամադրվել նաև բանակին:
Աննա Գրիգորյան