Բիզնեսն ընդդեմ COVID 19-ի. լավագույն մասնագետներն անվճար խորհրդատվություն են տալիս գործարարներին

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես վերապրոֆիլավորել բիզնեսը, նվազեցնել ծախսերը, ադապտացվել առկա պայմաններին. կորոնավիրուսի պարտադրած իրավիճակում այս և մի շարք այլ արդիական հարցերի մասին գործարարները կարող են լավագույն մասնագետներից անհատական անվճար խորհրդատվություն ստանալ՝ Բիզնեսն ընդդեմ COVID19-ի քոուչինգ նախաձեռնության շրջանակում:

«Արմենպրես»-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Գործարարության աջակցման գրասենյակիհամատեղ նախաձեռնության մասին խոսել է պատասխանատուների հետ:

Բիզնեսն ընդդեմ COVID 19­-ի համատեղ նախաձեռնության շրջանակում գործարարների համար արդեն իսկ կազմակերպվել էր վեբինարների շարք: «Չնայած այդ վեբինարներում էլ կար անհատական մոտեցում տնտեսավարողների հարցերի հանդեպ, բայց ժամանակի սղության պատճառով, նաև այն պատճառով, որ ներկա էին այլ տնտեսավարողներ, շատ հարցեր երբեմն չէին բարձրաձայնվում: Արդյունքում որոշվեց, որ պետք է հնարավորություն ստեղծել ձեռնարկություններին՝ խորհրդատուների հետ ունենալ անհատական հանդիպումներ: Եվ այսպես, մեկնարկեց Բիզնեսն ընդդեմ COVID19-ի քոուչինգային շարքը»,- մանրամասնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը:

Մոտ 110 տարբեր թեմաներով պատրաստվել են 1054 տոմսակներ՝ խորհրդատվական հանդիպումների հնարավորություններ: Յուրաքանչյուր տնտեսավարող կարող է անվճար ձեռք բերել 2 տոմսակ: Փոխնախարարը նկատեց, որ ստեղծված իրավիճակում կազմակերպությունները հիմնականում ֆինանսական կառավարման հետ կապված են խնդիրներ ունենում: «Ֆինանսերի հոսքի տեսանկյունից յուրաքանչյուր բիզնեսում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, այն շրջանառությունը, որ բիզնեսներն ունեին մինչև կորոնավիրուսը, չկա, հետևաբար, ամբողջ ծախսային համակարգը պետք է փոփոխությունների ենթարկվի: Որտեղի՞ց սկսել, ո՞ր ծախսերն է հնարավոր կրճատել, որ գոնե բիզնեսի գոյությանը վտանգ չսպառնա, ի՞նչ տրամաբանությամբ է դա պետք անել. այս տիպի բոլոր հարցերին պատասխանում են խորհրդատուները, օգնում են միասին մշակել որոշակի պլան՝ ֆինանսական առողջացման համար»,-ասաց Մարգարյանն ու հորդորեց ակտիվ օգտվել:

Խորհրդատուները նաև կողմնորոշում են, թե ինչպես օգտվել կամ պե՞տք է, արդյոք, օգտվել պետական աջակցությունից, օրինակ, եթե վարկառու միջոցներ են, հնարավոր լինելո՞ւ է դրանք վերադարձնել ապագայում և այլն:

Մարգարյանը վստահեցրեց՝ ներառվել են Հայաստանի լավագույն խորհրդատվական ընկերությունները, չկա գրեթե մի կազմակերպություն, որ չի մասնակել: Բոլորը մասնակցում են կամավորական սկզբունքով, պատրաստակամություն են հայտնել կանգնել բիզնեսի կողքին: Ցանկացած գործարար կարող է օգտվել այդ անհատական խորհրդատվությունից, պետք է ընդամենը մուտք գործել Eventbrite կայք, ընտրել տոմսակը, գրանցվել, նշել կազմակերպության անունը, ՀՎՀ-ն՝ որպես հավաստիք, որ կա այդպիսի կազմակերպություն: Դրանից հետո գործարարը ստանում է խորհրդատուի կոնտակտները, հնարավորություն ձեռք բերում խորհրդատուի հետ կապվել առաջիկա մեկ ամսվա ընթացքում և ստանալ անվճար խորհրդատվություն:

Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանի խոսքով՝ թեմաները տարբեր են՝ սկսած ֆինանսական կառավարումից մինչև ընդհանուր ճգնաժամային կառավարում կամ վերապրոֆիլավորում, երբ կազմակերպությունը մտածում է, որ, իրավիճակից ելնելով, պետք է փոխի իր պրոֆիլավորումը և այլ գործունեությամբ զբաղվի: Կան նաև նեղ մասնագիտական թեմաներ՝մարքետինգային գործիքների կիրառում և այլն: «Մարքետինգային թեմաներն ամենաարագը սպառվեցին: Ձեռք են բերել 200-ից մի քիչ ավելի տոմսակներ: Բայց կային տոմսակներ, որոնք հնարավոր էր ձեռք բերել միայն մայիս ամսին: Այս պահին մոտավորապես կեսն առկա է»,-ասաց Պողոսյանն ու նկատեց՝ անհատական խորհրդատվությունից օգտվում է փոքր ու միջին բիզնեսը, քանի որ խոշոր բիզնեսներն իրենք ունեն իրենց մասնագետները:

Շինարարական կազմակերպության ղեկավար Աշոտ Աբրահամյանը մեկն է նրանցից, ովքեր օգտվել են անհատական խորհրդատվությունից, ստացել հարկային ոլորտի հետ կապված խորհրդատվություն: «Դժվարությունները միայն դադարի հետ են կապված եղել, երբ մի շրջան դադար եղավ: Եվ հարկայինի հետ կապված խորհրդատվություն ստացել ենք ՝ հարկային բեռը թեթևացնելու համար: Ոչ մի աշխատատեղ չենք կրճատում, բայց դրան զուգահեռ ուզում ենք ավելի ճիշտ կազմակերպել, որ մեղմ լինի հարկային բեռը»,-ասաց նա ու նշեց՝ կազմակերպությունը նոր կայացող է, ռեսուրսները շատ չեն, իրենք ուզում են այնպես անել, որ պահպանվի, չփակվի:

Էկոնոմիկայի նախարարությունը նույն նախաձեռնության շրջանակում Գործարարության աջակցման գրասենյակի հետ համատեղ մշակել է նաև «Բիզնեսի շարունակականության պլանավորում՝ կորոնավիրուսի պայմաններում և հետևանքով» ուղեցույցը: Դա հնարավորություն է տալիս տնտեսավարողին գնահատում անել, հասկանալ առաջնահերթությունը՝ որտեղի՞ց սկսել փոփոխությունները, ո՞րն է պետք թողնել, ո՞րը՝ փակել:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին