«Իմ քայլի» պատգամավորն վստահ է՝ մինչև վերջ կհասցվի մեկուսացման նպաստ սահմանող նախագծի ընդունումը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը կարծում է, որ որոշակի ֆինանսական հաշվարկներ կատարելուց հետո մեկուսացման նպաստ սահմանող նախագիծն անպայման պետք է ընդունվի, վստահեցնում է՝ խմբակցությունը դա առաջ կտանի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աբրահամյանն այս մասին ասաց ԱԺ նիստում «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկմանը:
Պատգամավորը նշեց՝ սա, թերևս, ամենակարևոր նախագիծն է, որ այս օրերին հնարավոր էր ներկայացնել: «Սակայն իրապես կա ֆինանսական անկանխատեսելիության և ֆինանսական ոչ որոշակիության խնդիր: Եվ այստեղ իսկապես փոփոխություններ անհրաժեշտ են: Բայց պետք է նաև հստակ գիտակցենք, որ սա պետության պարտավորությունն է, պետությունը պետք է հոգ տանի»,-ասաց Աբրահամյանը:
Նա չհամաձայնեց Նաիրա Զոհրաբյանի այն մտքի հետ, թե վերջապես քաղաքացիները ստացան ազդակ: «Արդեն երկու ամիս է քաղաքացիները դրական ազդակ են ստանում, արդեն մի քանի միլիարդ դրամի աջակցություն են ստացել: Անգամ ստացել են նրանք, որոնք դրա կարիքը չունեին»,-ասաց Աբրահամյանն ու նշեց՝ այս նախագիը պետք է ընդունել, բայց որոշակի ֆինանսական հաշվարկներ հստակեցնելուց հետո:
Պատգամավորը հորդորեց կառավարության գործընկերներին նախագիծը որևէ կերպ չչեղարկել: «Մենք ինքներս դա չենք անելու, եթե անգամ անհամաձայնություն լինի, ևս մեկ անգամ բերելու ենք և առաջ ենք տանելու»,-ասաց Աբրահամյանը:
Քանի որ պահանջ է դրվել նաև հանրային բաց վայրերում դիմակ կրել, պատգամավորը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը առաջարկեց արեց: «Խնդրում եմ, դիտարկել հնարավորություն՝ սոցիալապես անապահով խավերին դիմակներ բաժանելու»,-ասաց նա ու նշեց, թե կարծում է, որ սա իսկապես խնդիր է դառնալու»:
Նախագծով առաջարկվում է նախատեսել մեկուսացման նպաստ այն անձանց համար, որոնք վարձու աշխատող են կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձինք են և պարետատան ցուցումով մեկուսացվել են կամ ինքնամեկուսացվել: Նախագծի հեղինակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը հորդորել էր նախագծին երկրորդ ընթերցմամբ դեմ քվեարկել, ուղարկել առաջարկությունների ստացման փուլ՝ որոշակի կանխատեսումներ անելու, հիմնավորումները հստակեցնելու համար: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը հայտնել էր, որ բովանդակային իմաստով նախագիծի հիմնավորումները կառավարության համար ընդունելի են, սակայն առկա են խնդիրներ, հարցեր, որոնք կարիք ունեն լրացուցիչ քննարկման: Մասնավորապես նախագծի կապակցությամբ առկա է ֆինանսական անորոշությունների բարձր մակարդակ:
Աննա Գրիգորյան