Կազմակերպությունների սնանկ ճանաչվելու շեմը բարձրացնող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սնանկության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կազմակերպությունների սնանկ ճանաչվելու շեմը բարձրացնել մեկ միլիոն դրամով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հեղինակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

Նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով տնտեսական բացասական հետևանքներով պայմանավորված` առաջարկվում է կազմակերպությունների սնանկ ճանաչվելու շեմը մեկ միլիոնի փոխարեն սահմանել երկու միլիոն դրամ: Ըստ հեղինակի, նախագծի ընդունման դեպքում համապատասխան իրավասու պետական մարմինը նաև կազատվի պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան դիմելու օրենքով սահմանված պարտադիր պահանջից:

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 113 «կողմ» ձայնով:

Նորայր Շողիկյան

Հայերեն