Հասարակական

Նորքի տուն-ինտերնատի շահառու 101-ամյա Նազանի Սիմոնյանը հաղթահարել է COVID-19-ը և դուրս գրվել ԲԿ-ից

2 րոպեի ընթերցում

Նորքի տուն-ինտերնատի շահառու 101-ամյա Նազանի Սիմոնյանը հաղթահարել է COVID-19-ը և դուրս գրվել ԲԿ-ից

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հունիսի 2-ին դուրս է գրվել նոր կորոնավիրուսային վարակ նախնական ախտորոշմամբ Նորքի տուն-ինտերնատի շահառու 101-ամյա Նազանի Սիմոնյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԲԿ-ի PR մենեջեր Ծովինար Խաչատրյանը։

«1919 թվականին ծնված Սիմոնյան Նազանին մայիսի 16-ին Նորքի տուն-ինտերնատից նոր կորոնավիրուսային վարակ նախնական ախտորոշմամբ տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում ախտորոշվել էր կորոնավիրուսային հիվանդություն` երկկողմանի թոքաբորբով: Վիճակը գնահատվել էր ծանր` հաշվի առնելով նաև տարիքը:

Մեկ շաբաթից ավելի նա գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, ստացել է համարժեք դեղորայքային բուժում, վիճակի որոշակի կայունացումից հետո տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բլոկ` բուժումը շարունակելու»,- նշել է Խաչատրյանը և հավելել, որ բուժման ավարտին թեստի կրկնակի բացասական պատասխանից հետո Նազանի Սիմոնյանը լիարժեք բուժված դուրս է գրվել:

Հայաստանում հունիսի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10 009 դեպք, որոնցից 3427-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6 368 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 59 917 թեստավորում:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 158 դեպք: Արձանագրվել է մահվան ևս 56 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում