Հասարակական

Հանրապետությունում մինչև տարվա վերջ տնկված կլինի շուրջ 3 մլն ծառ

3 րոպեի ընթերցում

Հանրապետությունում մինչև տարվա վերջ տնկված կլինի շուրջ 3 մլն ծառ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակում իրականացվող ափապաշտպան անտառաշերտի տնկման աշխատանքների զգալի մասն արդեն կատարված է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, ներկայացնելով ծառատունկի մանրամասները, նշեց, որ 1 մլն 950 հազար ուռենու կտրոն ՀՀ-ի 7 մարզում արդեն տնկված է: Աշխատանքներում ներգրավված է մոտ 1 000 քաղաքացի:

«Աշխատանքներն իրականացվել են նախապես նշված 6 մարզում՝ Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում, Տավուշում, Լոռիում և Շիրակում, որոշ աշխատանքներ են իրականացվել նաև Կոտայքիբարձրադիր գոտիներում: Ինչո՞ւ են այս տարածքներն ընտրվել: Քանի որ տնկումների սեզոնի ավարտն էր, և այս առումով եղան քննադատություններ, բայց մենք հաշվի էինք առել այս հանգամանքը, դրա համար ընտրել ենք բարձրադիր գոտիները, որտեղ ծառերի վեգետացիա դեռ չէր սկսվել, որպեսզի ունենանք նորմալ արդյունք»,-ասաց նա:

Ծառատունկի աշխատանքներում հիմնականում ընդգրկված են տեղի համայնքների բնակիչները, սակայն Վարդան Մելիքյանը նշեց, որ եղել են դեպքեր, երբ մարդիկ հեռավոր համայնքից իրենց ավտոմեքենայով եկել են մասնակցել ծառատնկմանը՝ վաստակելով գումար: Նախարարի տեղակալի խոսքով՝ բնակիչները հնարավորություն են ունեցել օրվա կտրվածքով մինչև 10 հազար դրամ վաստակել:

«Մարդկանց ներգրավելու առումով, ընդհանուր առմամբ, խնդիր չենք ունեցել, մենք արդեն ունենք 1 000 ներգրավված աշխատակից, բայց կունենանք ավելին, որովհետև ծառերը տնկելուց հետո առջևում ցանկապատման աշխատանքներ են»,-ասաց նախարարի տեղակալը:

Մինչև հունիսի 5-ը ծրագրի ծառատնկման հատվածը կավարտվի, և 2 մլն կտրոնը տնկված կլինի, իսկ մինչև հուլիսի վերջը կավարտվեն ցանկապատման աշխատանքները:

Հանրապետությունում ծառատունկն այս տարի այսքանով չի ավարտվում: Աշնանը նույնպես իրականացվելու է ծառատունկ, բյուջեով նախատեսված է 400 մլն դրամից ավելի գումարէ հատկացվելու «Հայանտառ»-ին: Նախարարի տեղակալը նշեց, որ նախորդ տարի աշնանը ծառատունկին մասնակցեց մոտ 1 000 մարդ: Այս տարի նույնպես նույնքան մարդ է նախատեսվում ներգրավել: Աշնանը նախատեսված ծառատունկն իրականացվելու է անտառային հողերում, կտնկվեն կաղնի, հաճար, թեղի և այլն: Նախարարի տեղակալը նշեց, որ մինչև տարվա վերջ շուրջ 3 մլն ծառ տնկված կլինի:

Կառավարությունն ապրիլի 30-ի նիստում հաստատել էր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդմիջոցառումը, որի նպատակն է բնապահպանական խնդիրներ լուծելու միջոցով գյուղատնտեսական ոլորտում ժամանակավորաշխատատեղեր ստեղծելը: Աշխատանքները ներառում են ծառատնկման ենթակա վայրերի համար քարտեզագրված հատվածներում տեղումաճող տեղական տեսակների ուռենու կտրոնների տնկում և ծառատունկի տարածքի ցանկապատում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում