Իրավունք

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պարեկային ծառայություն ստեղծելու մասին նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պարեկային ծառայություն ստեղծելու մասին նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել նոր՝ պարեկային ծառայություն, որը կփոխարինի այժմ գործող պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարեու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ստացավ 111 «կողմ» ձայն:

Պարեկային ծառայությունն իր էությամբ էականորեն տարբերվելու և փոխարինելու է այժմ գործող ոստիկանության երկու արտաքին ծառայություններին՝ պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: Պարեկային ծառայողների համալրումը տեղի է ունենալու բացառապես բաց մրցույթով, ծառայողների ընտրության և նրանց 5­ամսյա ծրագրով վերապատրաստման կրթական ծրագիր իրականացնելու արդյունքում: Ծառայությունն առաջին փուլով գործարկվելու է Երևանում մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը, այնուհետև ամբողջ հանրապետությունում՝ մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը: Նոր պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, զենքի հատուկ միջոցների, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սարքավորումների լրիվ նոր հագեցվածություն:

Նոր պարեկային ծառայության գործարկմանը զուգահեռ այս ծառայության արդյունավետությունն ապահովելու նպատակով ստեղծվելու է օպերատիվ կառավարման կենտրոնը, որ զանգերի, ահազանգերի միասնական կառավարման գործառույթներից բացի, ապահովելու է նաև ոստիկանության արտաքին ուժերի կառավարման գործառույթներ՝ ապահովելով ստացված ահազանգերի արագ սպասարկումը, քաղաքացիներին պրոֆեսիոնալ աջակցության և խորհրդատվության տրամադրումը և այլն:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում