Հասարակական

Սա քաղաքականությունից դուրս է. Սիմոնյանը ընդդիմությանը COVID-19-ի հարցում միասնականության կոչ արեց

3 րոպեի ընթերցում

Սա քաղաքականությունից դուրս է. Սիմոնյանը ընդդիմությանը COVID-19-ի հարցում միասնականության կոչ արեց

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական, նաև արտախորհրդարանական ընդդիմությանը կոչ արեց նոր տեսակի կորոնավիրուսի հարցում միասնական դիրքորոշում ցուցաբերել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ մայիսի 26-ի նիստում իր ելույթում:

«Ես մի առաջարկ ունեմ, որը ոչ միայն վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը, այլ նաև արտախորհրդարանական ընդդիմությանը և քաղաքական դաշտում գործող բոլոր գործիչներին: Ակնհայտ է, որ պատերազմի, սահմանում կանգնած զինվորի հետ կապված որևէ մեկն այս դահլիճում կամ դահլիճից դուրս չի կարող այլ կարծիք ունենալ: Եվ այս պարագայում նույնպես մեր միասնականությունն է պետք, քանի որ մարդիկ են մահանում: Կարծում եմ, որ այս համավարակի հետ կապված մենք պետք է մշտապես միասնական դիրքորոշում ցուցաբերենք և, եթե դրա կարիքը կա, նույնիսկ ինչ-որ ֆորմատներ հասկանանք ու քննարկումներ անենք»,-ասաց Սիմոնյանը:

Նա շեշտեց՝ սա միասնական աղետ է: ԱԺ փոխնախագահը հորդորեց նաև դահլիճում գտնվող գործընկերներին՝ մտածել այդ ուղղությամբ և միասնական ինչ-որ գործողություններ ձեռնարկել այս «պատերազմական» իրավիճակում միասին քննարկելու, աշխատելու:

«Եվ մեզ համար ներքին ջենտլմենական պայմանավորվածություն ձեռք բերենք, որ կորոնավիրուսի հետ կապված բոլոր հարցերը, բոլոր խնդիրները «խաղից դուրս» կանոններ են, չի կարելի, և մենք մեզ թույլ չենք տալու դա քաղաքական որևիցե նպատակով օգտագործել: Կրկնում եմ՝ եկեք հասկանանք մի տարբերակ, իրար ձեռք մեկնենք, կորոնավիրուսի հետ կապված միասնական լուծումներ գտնելու, բոլորին օգնելու և զոհերից խուսափելու համար: Սա համաշխարհային աղետ է, և սա վերաբերում է բոլորիս, սա քաղաքականությունից դուրս է»,-ասաց պատգամավորը:

Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր7 402դեպք, որոնցից3 220-ն` առողջացած:Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում4 052պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է52 554թեստավորում, արձանագրվել է մահվան91դեպք:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում