Մամեդ Էմին Ռասուլզադե. նացիստների աջակից Ադրբեջանի հերոսը

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Մամեդ Էմին Ռասուլզադեն Ադրբեջանում ընկալվում է որպես ադրբեջանական ազգայնականության հայր, Ադրբեջանի Առաջին Հանրապետության հիմնադիր: Ռասուլզադեին քաղաքական հայր ու գաղափարախոս են համարում Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր կուսակցությունները, մասնավորապես Մուսավաթն ու Ազգային ճակատը: Թեև Ռասուլզադեն մեծ ոգեշնչման աղբյուր է ադրբեջանական հասարակության համար, նրա կենսագրության որոշ դրվագներ Ադրբեջանում փորձում են ամեն կերպ չնկատել, իսկ երբեմն՝ բացահայտ հերքել: Խոսքը մասնավորապես վերաբերում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիայի հետ Ռասուլզադեյի սերտ համագործակցությանը:

Մամեդ Էմին Ռասուլզադեն 1918թ. մայիսի 27-ից ղեկավարել է Ադրբեջանի Ազգային խորհրդը, որը մայիսի 28-ին հայտարարել է Ադրբեջանի անկախության մասին` ընդունելով համապատասխան հռչակագիր: Արդեն նոյեմբերի 19-ին նրա գլխավորությամբ ընդունվել է որոշում Ադրբեջանի խորհրդարանի ստեղծման վերաբերյալ: Ռասուլզադեն հանդիսանում է նաև «Մուսավաթ» կուսակցության գաղափարական հայրը, որը գլխավորել է 1913թ.-ից, ինչպես նաև Ադրբեջանի անկախության գլխավոր գաղափարախոսներից, ում պատկանում է «Bir kərə yüksələn bayraq bir daha enməz!»(թարգմ.` «Մի անգամ բարձրացված դրոշը երբեք չի իջեցվի») արտահայտությունը, որը ադրբեջանցի ազգայնականների գլխավոր կարգախոսներից էր:

1920թ. Ադրբեջանի խորհրդայնացումից հետո Ռասուլզադեն անցել է ընդհատակ, այնուհետև տեղափոխվել Ռուսաստան (բավական սերտ կապեր ուներ Ստալինի հետ), ապա`Եվրոպա: Էմիգրացիայի տարիներին շարունակել է իր հասարակական-քաղաքական գործունեությունը: 1922թ. Թուրքիայում նա ստեղծում է «Մուսավաթ» կուսակցության արտասահմանյան բյուրոն և ջանքեր գործադրում էմիգրանտ ադրբեջանցիներին համախմբելու ուղղությամբ: Նա ստեղծում է մի քանի թերթեր և ամսագրեր («Yeni Qafqasiya» («Նոր Կովկաս»), «Azeri Türkü» («Ազերի թուրք»), «Odlar yurdu» («Կրակների երկիր») «Bildiriş» («Ծանուցում»)։ Թուրքական իշխանությունների հետ հարաբերությունների աստիճանական վատթարացմամբ, ինչպես նաև այդ ժամանակահատվածում ռուս-թուրքական հարաբերությունների որոշակի ջերմացմամբ պայմանավորված՝ Աթաթուրքը 1931թ. Ռասուլզադեին արտաքսում է Թուրքիայից։ Նա տեղափոխվում է Լեհաստան, այնուհետև հաստատվում Ռումինիայում:

Դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ` 1930-ականներին Կովկասյան էմիգրացիայի կազմակերպչական հարցերով զբաղվող Ռասուլզադեն կապեր էր հաստատել գերմանացիների (ըստ որոշ աղբյուրների` գերմանական հետախուզության) հետ և եղել նաև Բեռլինում: Հատկանշական է, որ գերմանական զորքերի Ռումինիա ներխուժելուց հետո Բուխարեստում տեղակայված գերմանական դեսպանատունը ռումինական ոստիկանությանը տեղեկացրել է Ռասուլզադեի՝ գերմանական ծառայության մեջ գտնվելու մասին` խնդրելով Ռասուլզադեի համար ձևակերպել Գերմանիա բազմակի այցի վերաբերյալ փաստաթղթեր:

1942թ. մայիսին Ռասուլզադեն գերմանացիների կողմից հրավիրվել է Բեռլին՝ մասնակցելու կովկասցի էմիգրանտների համագումարին: Ռասուլզադեն, գերմանական հրամանատարության հանձնարարությամբ, անմիջական մասնակցություն է ունեցել ադրբեջանցի ռազմագերիների և կամավորների հավաքագրման և Ադրբեջանական լեգեոնի ձևավորման հարցում: Այդ գործում իրենց ներդրումն են ունեցել նաև վտարանդի այլ մուսավաթականներ՝ ի դեմս Ադրբեջանական Առաջին Հանրապետության ներքին գործերի նախկին նախարար Խալիլ Խասամեդովի, Ադրբեջանի հատուկ ծառայության՝ հակահեղափոխության դեմ պայքարի կազմակերպության երկրորդ ղեկավար Նագի Շեյխզամանլիի, Շաֆի Ռուստամբեյլիի, Ֆուադ Էմիրջանի:

Ավելին, ըստ որոշ արխիվային փաստաթղթերի` Ռասուլզադեն, օգտագործելով իր կապերը, աջակցել է նաև Կարմիր բանակի թիկունք գերմանական հետախուզության կողմից դիվերսանտների տեղափոխման գործողություններին (Մոզդոկ, Տագանռոգ):

1943թ. մայիսի 28-ին բեռլինյան «Kaiserhof» շքեղ հյուրանոցում Ռասուլզադեի նախաձեռնությամբ կազմակերպվել է ընդունելություն` Ադրբեջանի անկախության հռչակման 25-ամյակի կապակցությամբ, որին բացի ադրբեջանցի գործիչներից մասնակցում էին նաև Գերմանիայի պաշտոնական և գիտական շրջանակաների ներկայացուցիչներ: Պատերազմի թեժ շրջանում Գերմանիայի մայրաքաղաքում նման ներկայացուցչական միջոցառման կազմակերպումը վկայում է Գերմանական ղեկավարության հետ Ռասուլզադեի ջերմ կապերի և սերտ համագործակցության մասին:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ողջ ընթացքում նացիստների հետ ակտիվ համագործակցության մեջ լինելով, Ռասուլզադեն հնարավորություններ էր փնտրում Ադրբեջանի անկախության վերականգնման համար: Սակայն, գերմանացիները նրան հասկացնում են, որ անկախ Ադրբեջանի ստեղծումը նացիստական Գերմանիայի ծրագրերին չի համապատասխանում և 1943թ. օգոստոսին Ռասուլզադեն Բեռլինից հեռանում է` վերադառնալով Ռումինիա, այնտեղից` Թուրքիա:

Հատկանշական է, որ 1947թ. օգտագործելով իր կապերը, տարբեր միջոցներով Թուրքիա է տեղափոխել Երրորդ Ռեյխին ծառայած շուրջ 4000 ադրբեջանցու` փրկելով նրանց` ԽՍՀՄ-ին հանձնելուց:

Ռասուլզադեն մահացել է Թուրքիայում 1955թ. և թաղված է Անկարայի «Ջեբեջի Արսի» գերեզմանատանը:

Ռասուլզադեի հերոսացումը

Չնայած Ռասուլզադեն մինչև 1943թ. կեսերը ակտիվ համագործակցության մեջ է գտնվել ֆաշիստական Գերմանիայի հետ, Ադրբեջանի անկախացման շրջանում նրա կերպարը դարձավ ոգեշնչման աղբյուր` դառնալով ազգային հերոս: Ընդ որում, նացիստների աջակից Ռասուլզադեի հերոսացման գործում պետությունը ևս հստակ ջանքեր է գործադրում: 1993թ. դեկտեմբերի 29-ին Հեյդար Ալիևը ստորագրել է «Ադրբեջանի ակնառու հասարակական-քաղաքական գործիչ Մ. Է. Ռասուլզադեի 110-ամյակի անցկացման» վերաբերյալ հրամանագիր, իսկ նրա որդին` Իլհամ Ալիևը, 2013թ. նոյեմբերի 22-ին ստորագրել է «Մամեդ Էմին Ռասուլզադեի 130-ամյակի անցկացման կապակցությամբ» հրամանագիր` պետական մակարդակով նշելով նրա հոբելյանը:

Ռասուլզադեի 110-ամյակի կապակցությամբ 1994թ. և 130-ամյակի կապակցությամբ 2014թ. թողարկվել է նրան նվիրված նամականիշեր: Ռասուլզադեն պատկերված է եղել 1993թ. թողարկված 1000 մանաթ արժողությամբ թղթադրամի վրա:

Մուսավաթականների բողոքի ակցիան Նովխանիում Է. Ռասուլզադեի արձանի մոտ, 31 հունվար, 2016թ.

Մամեդ Էմին Ռասուլզադեի անվան ոչ միայն փողոց կա Բաքվում, այլև բնակավայր Բաքվի արվարձաններում: Բացի այդ, այսօր Մամեդ Էմին Ռասուլզադեի արձանները տեղադրված են նրա հարազատ Նովխանիում, Զաքաթալայում, իսկ կիսանդրին՝ Գանձակում:

Ադրբեջանում Ռասուլզադեի հերոսացման ֆոնին, Բաքվի`Հայաստանին ուղղված «ֆաշիզմը հերոսացնելու» մեղադրանքներն առավել քան աբսուրդային են թվում: Ադրբեջանական քարոզչամեքենան ամեն կերպ անտեսում է Ռասուլզադեի սերտ կապերը Հիտլերյան Գերմանիայի ղեկավարության հետ, նրա կողմից ադրբեջանցիների հավաքագրման աշխատանքները, Ադրբեջանական լեգիոնի ձևավորման գործում նրա ներդրումը`փորձելով ադրբեջանական ազգայնականության հորը ներկայացնել միայն դրական լույսի ներքո` որպես «օրինակելի» կերպար:

Այսպիսով, ադրբեջանական ղեկավարության, ինչպես նաև լրատվամիջոցների կողմից հայերին մեղադրելը «ֆաշիզմը հերոսացնելու» մեջ, մասնավորապես, Գարեգին Նժդեհի գործունեության աղավաղումը և նացիստների հետ կապերի խեղաթյուրումը՝ ոչ այլ ինչ են, եթե ոչ հերթական փորձ հակահայկական տրամադրություններ տարածելու համար: Ավելին, ադրբեջանցիները մոռանում են, որ Ադրբեջանի առաջին հանրապետության հիմնադիրներից ոմանք՝ այդ թվում Ռասուլզադեն, անմիջական կապեր են ունեցել Երրորդ Ռեյխի ղեկավարների հետ, մասնակցել իրենց դաժանությամբ աչքի ընկած ադրբեջանական լեգիոնների ստեղծմանը:

Աննա Չիչյան

Հայերեն English

Կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության շատ կարևոր մասն է. ՀՀ վարչապետի ելույթը

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին