Հասարակական

Մոտ 2 շաբաթից կորոնավիրուսը կախտորոշվի հայկական արտադրության թեստերով. նախատիպերը փորձարկվում են

3 րոպեի ընթերցում

Մոտ 2 շաբաթից կորոնավիրուսը կախտորոշվի հայկական արտադրության թեստերով. նախատիպերը փորձարկվում են

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվս երկու շաբաթ, և բարեհաջող արդյունքի դեպքում Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշումը կարվի տեղական արտադրության թեստերով: Գիտությունների ազգային ակադեմիայիմոլեկուլային կենսաբանության ինստիտուտն արդեն արտադրել է թեստերի մի քանի նախատիպեր, որոնք դեռ փորձարկում են անցնում:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանը:

«Մենք սկսել ենք թեստերի լաբորատոր փորձարկումները՝ մինչև արտադրությունը սկսելը: Մի քանի նախատիպեր ենք պատրաստել արդեն, որոնք այս պահին փորձարկում ենք՝ դրական և բացասական ստուգիչների հետ: Այս պահին փորձարկում ենք թեստի մեջ պարունակվող դրական նմուշով, դա հատուկ պատրաստված նյութ է ՝ հասկանալու թեստը աշխատում է ճի՞շտ, թե՞ սխալ: Երևի մի օրից կսկսենք փորձարկել հիվանդների նմուշներով, որպեսզի ստուգենք թեստերի ճշտությունը: Բայց դա կրկին լինելու է ոչ թե թեստավորում, այլ փորձարկում՝ թեստի աշխատանքի ճշտությունը ստուգելու համար»,-ասաց Առաքելյանը:

Մայիսի 22-ից կամ 23-ից հայ մասնագետները ՊՇՌ մեթոդով ախտորոշող թեստերը փորձարկելու են պացինետների այն նմուշներով, որոնք արդեն իսկ կլինիկական լաբորատոր պայմաններում թեստավորվել են, և դրանց արդյունքը հայտնի է: Դա կարվի մի քանի էտապով, հետո արդեն թեստերի՝ ևս մի խումբ նախատիպեր կպատրաստեն և կտան անկախ փորձարկման: Փորձարկումների ավարտից հետո ինստիտուտը կանցնի բուն արտադրական գործընթացին:

Նախնական պլանով, եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի, ապա 2 շաբաթից հայկական արտադրության թեստերով կարվեն թեստավորումները: Հայ մասնագետները կարտադրեն օրական 1000-3000 թեստ: Առկա հումքը կբավարարի 100 հազար թեստի պատրաստման համար: Աշխատանքն արվում է հիմնականում ձեռքով: «Մենք աշխատում ենք մոտ 10-15 հոգով: Եթե ոլորտի մասնագետ ես, աշխատանքն այնքան էլ դժվար չէ: Բայց պարզապես ժամանակատար է: Մենք մոդելավորում ենք ամբողջ թեստավորման ընթացքը»,-ասաց տնօրենը:

ՀՀ կառավարությունը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին 550 հազար դոլարի չափով հատկացում էր կատարել, որպեսզի Հայաստանում կազամակերպվի կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրություն: Ապրիլի 16-ին հայտնի էր դարձել, որ Չինաստանից Հայաստան են ներկրվել 100 հազար թեստերի ռեագենտներ, որոնք հանձնվելու են ինստիտուտին: Օրեր առաջ հասել է նաև հումքի երկրորդ խմբաքանակը: Մինչև այժմ Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման թեստերը ներկրել է:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում