Կորոնավիրուսով վարակված անձանցից 135-ի վիճակը գտնահատվում է ծանր, 63-ինը՝ ծայրահեղ ծանր
2 րոպեի ընթերցում
![Կորոնավիրուսով վարակված անձանցից 135-ի վիճակը գտնահատվում է ծանր, 63-ինը՝ ծայրահեղ ծանր](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/05/1015949.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 135-ի վիճակը գնահատվում է ծանր, 63-ինը՝ ծայրահեղ ծանր, իսկ 15 պացիենտ միացված է թոքերի արհեստական սարքերի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Դեպքերի թվերի աճին զուգընթաց՝ աճում է նաև ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող, ինչպես նաև ԹՕ սարքերին միացված քաղաքացիների թիվը։ Սա այն հանգամանքն է, որից մենք միշտ փորձել ենք խուսափել կամ հեռվացնել այդ օրը, քանի որ արձանագրված դրական թվերն այնքան վտանգավոր չեն, եթե մենք չունենայինք ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այնպես չստացվի, որ այդ վիճակներում գտնվող պացիետները վերակենդանացման բաժանմունքներում զրկված լինեն բուժման հնարավորությունից»,- նշեց Թորոսյանը։
Նրա խոսքով՝ իրենք դեռևս կարողանում են դիմանալ այդ ճնշմանը, բայց պետք է հավելյալ ջանքեր գործադրել, որպեսզի այդ ճնշումը չավելանա։
Հայաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5606 դեպք, որոնցից 2 581-ն` առողջացած: Թեստավորվել է 45822 քաղաքացի։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 928 պացիենտ, արձանագրվել է մահվան 70 դեպք:
Արձանագրվել է նաև մահվան 27 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ի ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ի ժամը 17:00-ն ժամկետով:
Լիլիթ Դեմուրյան