Ինովացիա

Գործարանների և ՊՆ-ի հետ սերտ համագործակցություն. Ինչ է անում ԲՏԱՆ-ը ռազմարդյունաբերության ոլորտում

3 րոպեի ընթերցում

Գործարանների և ՊՆ-ի հետ սերտ համագործակցություն. Ինչ է անում ԲՏԱՆ-ը ռազմարդյունաբերության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ռազմարդունաբերության ոլորտի աշխատանքը դարձնում է համակարգված. Պատշպանության նախարարության և ռազմարդյունաբերական ընկերությունների հետ սերտ համագործակցության արդյունքում ձևավորում է հստակ շղթա՝ շահագրգիռ բոլոր կողմերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խոսեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը՝ տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած առցանց հանդիպմանը:

«Ունենք ռազմական արդունաբերության հատվածի համար բյուջեի կրկնապատկում, որը կարծում եմ՝ կարևորագույն կետերից մեկն է: Ունենք 4 ռազմական գործարաններ, որոնք անցել են մեր ենթակայության տակ, սերտ համագործակցում ենք նրանց հետ: Ամեն գործարանի հետ առանձին աշխատում ենք իրենց տեսլականի, ռազմավարության և ծառայությունների կոնկրետացման, հստակեցման հատվածով»,-ասաց Ծատուրյանը:

Նախարարությունը միևնույն ժամանակ սերտ կապի մեջ է Պաշտպանության նախարարության, դրա ենթակայության կառույցների հետ՝ հասկանալու խնդիրները, պահանջները, տեխնոլոգիական հատվածում դրանց ավտոմատացման հնարավորությունը, հետո դրանք ճիշտ ձևակերպելու և ռազմարդյունաբերության հատվածում գործող բարձր տեխնոլագիական ընկերություններին ներկայացնելու համար: Այսպիսով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմավարության մեջ բավականին մեծ տեղ է հատկացված հետազոտությունների հատվածին: Փորձում են հասկանալ ռազմարդյունաբերության ոլորտի խնդիրները, ճիշտ ձևով ձևակերպել դրանք և ներկայացնել ընկերություններին:

«Ընկերությունները հիմնականում գիտահետազոտական աշխատանք են անում, և այդ աշխատանքում նրանց գիտելիքների կիրառումն ու ստեղծված լուծումների կյանքի կոչումը միևնույն ժամանակ շղթայական կապված է դրանց արտադրության հետ: Ունենք 4 ռազմական գործարաններ, որոնք անցել են մեր ենթակայության տակ: Դրանք հիմնականում վերանորոգման աշխատանքներ են կատարում և որոշակի արտադրություններ ունեն»,-ասաց փոխնախարարն ու նշեց՝ աշխատում են կապը սերտացնելու, շղթան ամբողջացնելու և էկոհամակարգի ձևավորման ուղղությամբ:

Ծատուրյանը նկատեց՝ մինչև այժմ համակարգը գործել է շատ դիսկրետ, ամեն մեկը փորձել է իր խնդիրը լուծել: «Եվ մենք նախարարության կարևորագույն քայլն ենք համարում ամբողջը համակարգել և այդ շղթան իրար միացնել, որպեսզի էկոհամակարգը ճիշտ աշխատի և ընդհանուր նպատակին ճիշտ ծառայի»,-ասաց Ծատուրյանը:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում