«Վշտից հույս է ծնվում». գյումրեցի ուսուցիչ Մարտին Փաշայանն արժանացել է Ֆրանսիայի բարձր պարգևի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու N10 դպրոցի նախկին տնօրեն, ֆրանսերենի ուսուցիչ Մարտին Փաշայանին շնորհվել է Ֆրանսիայի Հանրապետության «Ակադեմիական արմավենի» սպայի շքանշան` ֆրանսիական մշակույթի տարածման գործում ունեցած բազմամյա ավանդի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը և դեսպանության մշակութային և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանը այցելել են Գյումրի` 74-ամյա ուսուցչի բնակարան ու պարգևատրել նրան: Մարտին Փաշայանը դպրոցահասակ տարիքից ապրում է ֆրանսերենով ու ֆրանսիական մշակույթով: Նրա ճաշասենյակ մտնելուն պես՝ Ազնավուրի դիմանկարն է ողջունում հյուրերին, քիչ այն կողմ` Էյֆելյան աշտարակն ու Նապոլեոն Բոնպարտի փոքրիկ կիսանդրին են ուշադրություն գրավում: Վաստակաշատ ուսուցիչն ասում է՝ Մոլիերի լեզվի հանդեպ սերը դպրոցական աթոռից է սկսվել ու չի վերջանում: Համոզված է՝ «Ֆրանսերենը թռիչքի լեզու է: Ֆրանսերենը ապրելու արվեստ է»:

Արդեն տասը տարի թոշակի անցած Մարտին Փաշայանի արցունքները չորացել են, բայց վիշտը չի մոռանում: Նախքան 1988-ի դեկտեմբերի 7-ը Գյումրու N10 դպրոցի ֆրանսերենի գծով ուսմասվարն էր: Մի քանի րոպեում կյանքն ամբողջովին փոխվեց: Ավերիչ երկրաշարժի հետևանքով կորցրեց կնոջն ու 2 զավակներին: Փլատակների տակ գտավ նաև իր 299 աշակերտի դիերը, ցուցանիշը սարսափեցնող էր՝ դպրոցում ընդհանուր 424 երեխա կար:

Պատմում է` դժբախտության քառասունքի օրը որոշեց շարունակել ապրել, իսկ նրան առաջ շարժվելու ուժ տվեց ավերակների վերածված դպրոցի վերակառուցման գաղափարը:Գնաց Ֆրանսիա գործընկերներ ու աջակիցներ գտավ: Արդյունքում` Ֆրանսիայի մշակույթի և ֆրանկոֆոնիայի այդ ժամանակվա նախարար Ժակ Թուբոյի մասնակցությամբ 1994-ին տեղի ունեցավ հիմնարկեքի արարողությունը: Եվս մի քանի տարի և 1999-ին դպրոցն իր դեռները վերաբացեց 1700 աշակերտի առջև, որտեղ նաև անօգնականներին հոգեբանական ու մարդասիրական աջակցություն էին ցուցաբերում:

Տարիների ընթացքում ֆրանսիական մշակույթին նվիրված Մարտին Փաշայանի նախաձեռնությամբ դպրոցի բարեկամներ դարձան Մարսելի, Գրենոբլի, Իսլի-լե-Մուլինոյի պատգամավորներն ու մի շարք ֆրանսախոս կազմակերպություններ` դպրոցը դարձնելով Գյումրիի ֆրանկոֆոն օջախներից մեկը:Դեսպան Լաքոտի համոզմամբ՝ այդ ամենը տեղի ունեցավ Փաշայանի հույսի, ֆրանսերենի ու դասավանդման հանդեպ նվիրվածության շնորհիվ: Թեև սա Փաշայանի և իր առաջին հանդիպումն էր, բայց ֆրանսերենի ուսուցչի հերոսական քայլերի մասին իմացել է «Քառասունքի երդումը» ինքնակենսագրական գրքից, որը շարադրել է ֆրանսահայ լրագրող Պասկալ Մագեզյանը:

«Ձեր հավատը չկորցնելը, Ձեր կատարած ջանքերը Գյումրու վերածննդի մասնակիցն են: Մենք ցանկանում ենք, որ Ձեր հույսը վարակիչ լինի ինչպես ամբողջ Գյումրու, այնպես էլ մեզ համար, քանի որ Ձեր վճռականությունը մեզ էներգիա է փոխանցում, որ աջակցենք ֆրանսերենի տարածմանն ու գոտեպնդենք Հայաստանին իր զարգացման ճանապարհին»,- իր ելույթում ընդծեց դեսպան Լաքոտը: Հավելեց, որ 1988 թվականի աղետի ցնցումը հասավ մինչև Ֆրանսիա, իսկ այդ ժամանակ մի շարք ֆրանսիացիներ, այդ թվում նաև ինքն առաջին անգամ բացահայտեցին Հայաստանը:

«Ակադեմիական արմավենի» շքանշանը ստեղծել է Նապոլեոն Բոնապարտը 1808 թվականի մարտի 17-ին` նպատակ ունենալով երախտիքի տուրք մատուցել կրթության ու մշակույթի ոլորտի նվիրյալներին: «Ակադեմիական արմավենի» շքանշանով պարգևատրվում են նաև այն օտարերկրացիները կամ արտերկրում բնակվող այն ֆրանսիացիները, ովքեր ակտիվորեն մասնակցում են ֆրանսիական մշակույթի տարածմանն ամբողջ աշխարհում:«Ակադեմիական արմավենի» շքանշանն ունի 3 աստիճան` Ասպետ, Սպա և Հրամանատար:

Հասմիկ Առաքելյան
Հայերեն Русский

Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ