Հասարակական

Պարետն այսուհետև հնարավորություն է ունենալու հստակ սահմանել որոշակի վարքագծի կանոններ․ Բադասյան

2 րոպեի ընթերցում

Պարետն այսուհետև հնարավորություն է ունենալու հստակ սահմանել որոշակի վարքագծի կանոններ․ Բադասյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց, թե ինչու է Հայաստանում մեկ ամսով երկարաձգվում արտակարգ դրության ռեժիմը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ Բադասյանը նշեց, որ այն գործիքակազմը, որն անհրաժեշտ է վարակի դեմ արդյունավետ պայքար մղելու համար, այս պահի դրությամբ հնարավոր է միայն արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում։

«Գիտեք, որ սահմանվում են արտակարգ դրության իրավական ռեժիմով մի շարք գործողություններ՝ ինքնամեկուսացում, մեկուսացում, նաև վերջերս արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում փոփոխություններ տեղի ունեցան, ըստ որոնց այլևս հնարավոր են անձնական ազատության սահմնափակումներ, հստակեցվել են պարետի գործողությունները, որպեսզի ավելի արդյունավետ որոշումներ հնարավոր լինի կայացնել պարետի կողմից»,- ասաց Բադասյանը։

Նա նշեց, որ մտցվել է ևս մեկ նորամուծություն. քաղաքացիների ազատ տեղաշարժը թույլատրվելու է որոշակի վարքագծի կանոների պահպանման պայմանով։

«Օրինակ՝ եթե ինչ-որ փուլում հանրային տրանսպորտը սկսի աշխատել, ապա հանրային տրանսպորտից կկարողանան օգտվել միայն դիմակների առկայությամբ կամ հանրային սննդի կետերը պարտադիր որոշակի պայմաններ պետք է ապահովեն սննդի ծառայություններ մատուցելիս և այլն։ Պարետը այսուհետ հնարավորություն է ունենալու հստակ սահմանել որոշակի վարքագծի կանոններ, որոնք պետք է պարտադիր ապահովվեն թույլ տրված ազատ տեղաշարժի շրջանակներում»,- եզրափակեց Բադասյանը։

Կառավարությունը մեկ ամսով երկարաձգեց արտակարգ դրության ռեժիմը:

Կարեն Խաչատրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում