Ժամկետային զինծառայող Սասուն Մարգարյանի մահվան դեպքի քրեական գործով ձերբակալվել է 2 անձ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Սուրենի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով՝ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով, ձերբակալվել է ավագ սպա, լեյտենանտ Հ.Հ.-ն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում և զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 359-րդ հոդվածի 1-ին մասով և 360.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցանքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ.Ս.-ն:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: