3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բոլոր դեպքերում անթույլատրելի է համարում կնոջ նկատմամբ ատելությունը, բռնությունը՝ անկախ նրանից՝ դա ուղղված կլինի ընդդիմության, թե իշխանության ներկայացուցչին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թաթոյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում պատասխանելով՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի այն նկատառմանը, որ իշխանության ներկայացուցիչ կանայք վերջին օրերին շատ են շեշտում, որ ոչ միայն ատելության խոսքի են արժանանում, այլ նաև կոնկրետ ահաբեկման, սակայն ՄԻՊ-ի կողմից արձագանք չի լինում:
Թաթոյանը շեշտեց՝ երբեք իշխանության, ընդիմության առավելություններին չի անդրադարձել, դա ՄԻՊ-ի հետ կապ չունի: «Այն դեպքերը, երբ դուք վկայակոչում եք, որ կա կնոջ նկատմամբ ատելություն, բռնություն, իհարկե, անթույլատրելի երևույթներ են: Միշտ եմ դրանց մասին խոսում, դրանք պարբերականությամբ արվող հայտարարություններ են: Կնոջ պաշտպանությունը, մարդու մասնավոր կյանքի պաշտպանությունը, անձնական կյանքի պաշտպանությունը կարևորագույն հարցեր են»,-ասաց Թաթոյանն ու նշեց՝ պատգամավորի բերած օրինակների դեպքերն էլ անընդունելի է համարում:
Բադալյանը նաև հետաքրքրվել էր, թե արդյոք ընդդիմադիր կին պատգամավորն իշխանության կին պատգամավորի նկատմամբ ունի առավելություն՝ հիշեցնելով մեկ այլ համատեքստում Թաթոյանի հնչեցրած հետևյալ միտքը՝ խոսքը վերաբերում է կնոջը՝ այն էլ ընդդիմադիր ներկայացուցչին:
Թաթոյանը չհամաձայնեց այն մտքի հետ, թե իշխանության թիմի անդամները երբեք ՄԻՊ-ի կողմից պաշտպանության չեն արժանացել, եղել են իշխանության ներկայացուցիչների ընտանիքի անդամների հետ կապված հայտարարություններ: «Ես երբևէ չեմ ասել, թե ընդդիմությունն առավելություն ունի իշխանության նկատմամբ: Դա իմ գործը չէ: ՄԻՊ-ի իրավասությունը ոչ բոլոր տեղերում է: Ես չեմ միջամտում քաղաքական քննարկումներին, դա իմ գործը չէ»,-նշեց նա:
Թաթոյանը նկատեց՝ բոլորովին այլ բան է, երբ իշխանության հետ կապված ես գործ ունենում, այլ բան է՝ երբ ընդդիմության: Նա շեշտեց՝ իր խոսքն ամենևին էլ քաղաքական նշանակություն չունի: «Ինձ համար նշանակություն չունի, թե ով ում նկատմամբ առավելություն ունի, սակայն, երբ խոսքը գնում է իշխանության մասին, պաշտոնյայի մասին, ՄԻՊ-ը նրա համար չէ, որ իրականացնի այդ պաշտպանությունը: Օրենքն ասում է, որ պետական մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող դիմել ՄԻՊ-ին, խոսքն այս դեպքում նաև կառավարման մարմինների մասին է»,-ասաց նա:
Աննա Գրիգորյան