ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց կերի մեջ հակաբիոտիկների կիրառումը բացառող օրինագծին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կանոնակարգել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը, մասնավորապես, բացառել հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործելը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նախագիծն ԱԺ նիստում ստացավ 120 «կողմ» ձայն:
Ներկայում Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում հակաբիոտիկների կիրառումը կարգավորված չէ: Դրանք լայնորեն կիրառվում են անասնապահության ոլորտում՝ կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև աճի խթանման նպատակով: Դա պատճառ է հանդիսանում մարդկանց մոտ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման համար: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը ներկայում հանդիսանում է համաշխարհային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր:
Նախագծի ընդունմամբ առաջարկվում կանոնակարգել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը, մասնավորապես բացառել հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործելը:Կարող են օգտագործվել հակաբիոտիկներ՝ կենդանիների բուժման նպատակով, բայց այն հաշվարկով, որ վերջնական արդյունքում ձվի, մսի, կաթի, կերի մեջ չհայտնաբերվեն հակաբիոտիկներ:
Աննա Գրիգորյան