Հասարակական

Կորոնավիրուսով վարակվածների համար հիվանդանոցներում առկա է 350 ազատ մահճակալային ֆոնդ

2 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսով վարակվածների համար հիվանդանոցներում առկա է 350 ազատ մահճակալային ֆոնդ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց բուժօգնության համար հիվանդանոցային համակարգում առկա է մոտ 350 ազատ մահճակալ, քաղաքացիների մի մասը բուժում է ստանում հյուրանոցներում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

«Երեկվա դրությամբ ունենք թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված 9 քաղաքացի, 35 ծայրահեղ ծանր և 65 ծանր վիճակում գտնվող քաղաքացի: Մեկուսացման վայրերում ունենք մոտ 2 000 քաղաքացի: Ունենք մոտ 350 ազատ մահճակալ՝ հիվանդանոցային համակարգում, քանի որ քաղաքացիների մի մասն իրենց բուժօգնությունը ստանում են հյուրանոցներում, որովհետև որևէ սիմպտոմ չունեն: Եվ այդ մոտեցումը դեռ շարունակվելու է մոտ ժամանակներս՝ քանի դեռ մենք ունենք հյուրանոցային և մահճակալային ֆոնդ»,-ասաց Թորոսյանը:

Ասիմպտոմ, թեթև դեպքերը ստանալու են բուժօգնություն հիվանդանոցներում: Նախարարը նշեց՝ դա անվանում են չակերտավոր բուժօգնություն, քանի որ պացիենտներն ըստ էության որևէ բուժօգնություն չեն ստանում: Միջին և ծանր աստիճանի քաղաքացիները բուժվելու են հատուկ կորոնավիրուսի համար առանձնացված մահճակալային ֆոնդի վրա, որը հնարավոր է նաև, որ ավելանա: Սակայն այս պահի դրությամբ նման վերջնական որոշում չկա: Այն ներառում է 6 բժշկական կենտրոն՝ Երևանում և Արտաշատում, ինչպես նաև Կապանում, Վանաձորում, Գյումրիում եղած ինֆեկցիոն հիվանդնոցները կամ առանձին ինֆեկցիոն բաժանմունքները:

Հայաստանում մայիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2507 դեպք, որոնցից 1071-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 24 942 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 39 դեպք:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում