Ինովացիա

WCIT 2019 հայկական թիմը երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը կկազմակերպի Մոսկվայում 

3 րոպեի ընթերցում

WCIT 2019 հայկական թիմը երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը կկազմակերպի Մոսկվայում 

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի հայկական թիմը կազմակերպչական որակյալ աշխատանքի շնորհիվ միջազգային ճանաչում է ստացել և շուտով Մոսկավայում նախատեսում է կազմակերպել իր երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «WCIT 2019 Yerevan»-ի կազմակերպչական թիմը։

«ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովը հատկանշական ակնթարթ էր մեր երկրի համար, հնարավորություն՝ աշխարհի ուշադրությունը սևեռելու այն նորարարությունների վրա, որոնք ամեն օր ստեղծվում են հենց Հայաստանում: WCIT 2019-ը իսկապես կարևոր ու հիշարժան տեխնոլոգիական համաժողով էր, որի հիմքում թիմային մեծ ձգտումն էր, աշխատանքի որակն ու կատարման վարպետությունը:

Համաժողովի գերազանց հաջողության հետևում մասնագետների հսկայական թիմ էր, որն աշխատում էր մեկ տեսլականի ու նպատակի համար: Սակայն WCIT 2019-ը Երևանում կայացավ հենց WCIT 2019- ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովի կազմակերպչական կոմիտեի նախագահ, ԱՏՁՄ նախագահ, «UCOM»-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի մեծ ջանքերի ու ներդրման շնորհիվ: Արդյունքում՝ Հայաստանը տեխնոլոգիական կոնֆերանսների նոր չափանիշ սահմանեց ամբողջ աշխարհում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

WCIT 2019 Yerevan-ը խոստանում է առաջիկայում մանրամասներ ներկայացնել Մոսկավում կազմակերպվող համաժողովի վերաբերյալ։

WCIT-2019 համաժողովն անցկացվել էր 2019 թվականի հոկտեմբերի 7-9-ը: Համաժողովին մասնակցել է ավելի քան 2500 մարդ 70 երկրից։

WCIT համաժողովին բացման խոսքով հանդես էր եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Համաժողովին հիմնական ծրագրին զուգահեռ համալիրի սրահներում գործում էին տաղավարներ, որտեղ տեղական և արտասահմանյան ընկերություններ ներկայացնում էին իրենց արտադրանքը։

Համաժողովին մասնակցել են System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը և գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը։ Համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել նաև աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում